ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցողը քննադատել է քուրդ համայնքապետերի ձերբակալությունը
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է նախօրեին Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող ՏԻՄ 5 ղեկավարի ձերբակալությանը և կորոնավիրուսի պատճառով կառավարության՝ համաներում շնորհելու մտադրությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այս թեմաների մասին Սանչես Ամորը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։
«Դժվար է տեսնել և հասկանալ, որ նույնիսկ այս ծանր պահերին կառավարությունը շարունակում է խարխլել տեղական ժողովրդավարությունը՝ դեմ գնալով վերջին ընտրություններում ժողովրդի արտահայտած կամքին»,-գրել է նա։
Ամորը նաև նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ բանտերում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար Թուրքիայի կառավարությունը մտադիր է համաներում շնորհել բանտերում գտնվող մեծ թվով կալանավորների։
Նրա խոսքով՝ չկա ավելի լավ հնարավորություն, քան ազատ արձակել ապօրինաբար բանտարկված հարյուրավոր մարդկանց, որոնց շարքերում կան լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ և իրավապաշտպաններ։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թուրքիայի արևելյան շրջանների՝ Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ձերբակալված քուրդ ղեկավարները մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածների հատկանիշներով։ Բաթմանի և Սիլվանի քաղաքապետերի փոխարեն պետությունն արդեն պետական կառավարիչներ (հոգաբարձու) է նշանակել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց