Վիրուսի տարածման ժամանակ արցախյան ընտրությունների հաղթողը լինելու է բացառապես Ադրբեջանը
Ինչպես հայտնի է, անցած բոլոր ընտրություններից հետո Ադրբեջանը վայնասուն էր բարձրացնում, թե, իբր, ղարաբաղյան ընտրությունները «լեգիտիմ բնույթ չունեն»: Միջազգային հիմնական խաղացողները, թեև չէին ճանաչում այդ ընտրությունները, բայց և ընդունում էին, որ դրանք ավելի մրցակցային բնույթ էին ունենում, քան ադրբեջանական ընտրությունները:
Բացի այդ, անցած ընտրություններին որպես դիտորդ մասնակցում էին բազմաթիվ գործիչներ արտերկրից, որն էլ լրացուցիչ լեգիտիմ հիմք էր տալիս արցախյան իշխանություններին:
Ներկայիս ընտրություններն էապես են տարբերվում նախորդներից մի քանի առումներով: Գլխավորն այն է, որ ներկայիս ընտրությունների անցկացումը, աշխարհով մեկ կորոնովիրուսի տարածման պայմաններում այն դարձնելու է «դրսի» դիտորդների համար բացարձակ «ոչ լեգիտիմ»: Եթե նախկինում մենք ունեինք հիմնավորումներ, ապա այս ընտրությունների պարագայում դառնալու ենք իսկական ծաղրանքի առարկա: Համենայնդեպս նման հեռանկարի հավանականությունը շատ մեծ է։
Աշխարում այս օրերին, ո՞ր երկրում են ընթանում ընտրություններ: Մի՞թե պարզ չէ, որ այս պայմաններում ընտրությունների անցկացումը հարվածելու է ոչ միայն Արցախի իմիջին, այլ նաև ստվեր է գցելու նախորդ ընտրությունների վրա՝ հիմնավորելով ադրբեջանցիների արգումենտները:
Եթե Արցախն իրեն կարող է թույլ տալ այս պայմաններում «ընտրություններ» անցկացնել, ապա դա նշանակում է, ըստ դրսի դիտորդների, որ նախկին ընտրություններն էլ են բուտաֆորիա եղել: Քանզի այսօր աշխարում չկա հիմնավորում, որ այս պայմաններում կարելի է անցկացնել նորմալ ընտրություններ:
Դրանով մենք փաստացի վարկաբեկելու ենք նաև մեր բոլոր դրսի կողմնակիցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են մեզ ադրբեջանցիների դեմ տեղեկատվական արշավներում:
Ի վերջո, այսօր եվրոպացուն, ամերիկացուն, ռուսին, դժվար է հիմնավորել, թե այս պայմաններում ընտրությունների անցկացումը խելամիտ քայլ կարելի է համարել: Այսօր նրանք պայքարում են բառիս բուն իմաստով մահաբեր վիրուսի դեմ, և այս պայմաններում նրանց արցախյան ընտրությունները, որպես լեգիտիմ ներկայացնելը կնշանակի ծիծաղել բանականության վրա:
Արցախը համարվում է հայկական արեալի մաս, իսկ Հայաստանում այսօր վիրուսակիրները ավելի շատ են, քան Վրաստանում և Ադրբեջանում միասին վերցրած: Այս պայմաններում ի՞նչ ընտրություն։
Ո՞ւմ ենք մենք խաբելու, որ Արցախում անցկացնում են մրցակցային ընտրություններ: Մարդկանց մեծ մասը վախենալու է ընտրատեղամաս գալ։ Այս պայմաններում ի՞նչ ընտրություն։
Թեև արցախյան ընտրությունները կարող է ունենալ պաշտոնական «հաղթող», պարզ է , որ այս ընտրության գլխավոր մրցանակը կարող է ստանալ Ադրբեջանը: Արցախցին ոչինչ չի շահելու և միայն կորուստ է ունենալու՝ հանուն ինչ-որ մարդկանց հավակնությունների բավարարման։
Եվ այստեղ է, որ հարց է առաջանում, այս ընտրությունների անցկացումը այս պայմաններում, բացի Ադրբեջանից, ո՞ւմ է շահավետ լինելու: Այս հարցադրումը հռետորական է։ Բակո Սահակյանն այս ամենի համար ուղղակի պատասխանատու է։
Հետո էլ հարցնում են, թե ինչու այսքան տխուր պատմություն ունեցող ազգ ենք համարվում:
Հեղինակ՝ Ռ. Դ.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց