Առաջարկվում է, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն հաստատի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը
«Առաջարկում ենք քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորությունը»,- այսօր խորհրդարանում ասաց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը։
Նա նշեց, որ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար։ Ըստ այդմ՝ քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի՝ այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոնների, ստանդարտների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը։
Ըստ Ղուլարյանի, քաղաքաշինության մասին օրենքով, կոմիտեին վերապահված է նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքների կազմակերպումը՝ բացառությամբ ազգային ստանդարտների։
«Նախորդ տարիներին նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են քաղաքաշինության նախարարի, այնուհետև կոմիտեի նախագահի հրամաններով, և սահմանադրական փոփոխություններից հետո, պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով կամ սահմանադրությամբ։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունները և այն ամրագրել քաղաքաշինության մասին օրենքում»,- ասաց Ղուլարյանը։
Ըստ առաջարկի՝ օրենքում պետք է լրացնել մի կետ, որում նշվում է՝ քաղաքաշինության կոմիտեն հաստատում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը։
Խորհրդարանը քննարկում է «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց