Վիկտոր Օրբանի կառավարությունն անժամկետ ստացավ ընդլայնված լիազորություններ
Հունգարիայի պառլամենտը հավանություն է տվել վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանն ընդլայնված լիազորություններ տալն անորոշ ժամկետով՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: Այսուհետ Հունգարիայի իշխանությունները կարող են երկարաձգել մարտի 11-ին հայտարարված արտակարգ դրությունը, առանց Ազգային ժողովի համաձայնության: Այս մասին գրում է Euronews-ը։
Խորհրդարանում մեծամասնություն է կազմում Օրբանի իշխող կուսակցությունը՝ FIDES- ը: Օրինագծին աջակցել են 137 պատգամավորներ, դեմ է եղել 53-ը:
Հունգարիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ Թայմա Սաբոն ասում է, որ ընդդիմությունը պահանջում էր միայն մեկ բան, որ կառավարությունը պետք է 90 օր ժամկետ սահմաներ այս օրենքի համար:
Փաստաթուղթը, որը նաև հնարավորություն է տալիս կառավարությանը ձեռնարկել այլ բացառիկ միջոցներ, քննադատության է ենթարկվել տեղի իրավապաշտպանների, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Օրինագիծը խստացնում է պատժամիջոցները կարանտինային միջոցառումները խախտելու և կեղծ տեղեկություններ տարածելու համար:
Կառավարության որոշումները կարող են վիճարկվել ՍԴ-ի կողմից, բայց նույնիսկ այս մարմնում մեծամասնությունը պատկանում է Օրբանի կողմնակիցներին:
Բուդապեշտից Euronews- ի թղթակից Զոլտան Շիպոշհեդը հայտնում է. «Նույնիսկ սահմանադրական իրավունքի առավել հեղինակավոր փորձագետները չգիտեն, թե ինչպես կարելի է բացատրել «հատուկ իրավական ռեժիմ»արտահայտության իմաստը։ Սակայն բոլորը համաձայն են, որ ուժեղ սահմանադրական դատարանի բացակայության պայմաններում, այժմ կառավարության խղճին է մնում ժողովրդավարական ինստիտուտների ճանաչումը, քանի որ ծայրահեղ դեպքում իշխանությունները կարող են արձակել խորհրդարանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին