Սոցնախ. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը:
Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:
Նախարարությունից մանրամասնում են՝ ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
«Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:
Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:
Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր օգնության համար չեն դիմում սոցապին
- Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին