Ընտրական օրենսգրքից հանվում է ընտրական բոնուսի դրույթը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
Հատկանշական է, որ կառավարության հետ միասին փաթեթի համահեղինակ են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները՝ Վարազդատ Կարապետյանը, Վահե Ղալումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը, Գևորգ Գորգիսյանը:
Փաթեթում ընդգրկված են նաև «Կուսակցությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին նախագծերը:
Փաթեթով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում սահմանել, որ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինները կընտրվեն մեծամասնական կարգով, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող և մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Հիմնավորման մեջ ասվում է. «Համայնքների ավագանին բաղկացած է լինելու`
1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.
2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում.
3) ինն անդամից` 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում.
4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի և 11-ի փոխարեն).
5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն)
6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու և Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը 33 է).
7) 65 անդամից` Երևան քաղաքում»:
Ըստ հիմնավորման, մեծամասնական ընտրության դեպքում` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում, 500-ից մինչև 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ:
Ընտրական գրավը համամասնական ընտրակարգի դեպքում` Երևանի ավագանու դեպքում կլինի նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 1 000-ապատիկի չափով, 10000-ից 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 500-ապատիկի չափով, մինչև 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 200-ապատիկի չափով:
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 6 տոկոս գործող 8-ի փոխարեն:
Նախարարը ներկայացրեց, որ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ փոփոխություններով առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսի գաղափարը:
Նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգիրքը լրացնել նոր 7-րդ բաժնով և սահմանել համայնքի ղեկավարի և Երևանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը.
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին