Հայկ Մարությանն անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանը ցանկացավ ելույթ ունենալ։ Նա մոտեցավ բարձրախոսին, դիմակով չէր։ Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ դիմակ կրի։
Թեհմինա Վարդանյանն արձագանքեց, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է՝ չի կարողանում դիմակով խոսել։
Հ. Մարությանն էլ ասաց, որ նա վտանգի տակ է դնում իր դիմաց նստած մարդկանց: Վարդանյանը նշեց. «Կարող եք ինձ համարել հանցագործ, ոնց որ ձեր վերջին ճեպազրույցի ժամանակ»։
«Այո, ձեզ համարում եմ հանցագործ, եթե հիմա կովիդի դրական արդյունք ունեք, ասիմպտոմ տանում եք այդ հիվանդությունը, կարծում եմ՝ վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Շատ հավանական է, աշխատում եք բժշկական ոլորտում, ինչո՞ւ եք վտանգում մարդկանց։ Ինձ համար զարմանալի է, բուժաշխատող եք, էլի։ Կա պարետի որոշում՝ փակ տարածություններում կրեք դիմակ։ Հերիք եղավ, էլի, այս ամեն ինչը չի կարելի, օրինակ ծառայեք մեր բնակչությանը, ոչ թե, ինչ ուզեք, անեք, ի»,- ասաց քաղաքապետը՝ դիմելով Թ.Վարդանյանին։
Ավագանու անդամն ասաց, որ ինքը պահում է սոցիալական հեռավորություն։
«Հասկանում եմ, որ ամեն անգամ իմ խոսքից առաջ լարվում եք, հիստերիկ ծիծաղում եք... Օրենքը կիրառեք և տուգանեք»,- ասաց Թ.Վարդանյանը։
Հ. Մարությանն արձագանքեց, որ տուգանելով չէ, դրանից հետո պետք է վերացնել խախտումը։
«Կներեք, չեք կարողանում խոսել, խեղդվում եք, մի խոսեք»,- ասաց քաղաքապետը։
Թ.Վարդանյանն ասաց. «Բավ է ինձ ընդհատեք»։
Հայկ Մարությանը շարունակեց. «Անջատեք խոսափողը, խնդրում եմ։ Այս դահլիճում չեմ թողնելու օրենքի խախտումով ելույթ, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը։ Հերիք եղավ, բոլ եղավ»։
Խոսափողն անջատեցին։ Թեհմինա Վարդանյանը խոսում էր, սակայն ձայնը լսելի չէր։
Ավելի ուշ մեկնաբանելով նիստում տեղի ունեցած միջադեպը՝ ավագանու անդամ Թ.Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլևս փաստ է, որ Հայկ Մարությանի ինքնազգացողությունը, ջղաձգումներն ու նյարդային պոռթկումները մի քանի անգամ սրվում են, երբ խոսափողին եմ մոտենում ես` մարդ, ով գիտի վերջինիս կյանքի լուսավոր ու մութ էջերը: Այսօր, նմանօրինակ պահվածքն ավելի քան սպասելի էր գոնե ինձ համար: Մարությանը չթողեց ունենամ ՏԻՄ օրենքով սահմանված ելույթս, անջատեց խոսափողս և անվանեց հանցագործ:
Չեմ խոսում էլ հիսթերիայի հասնող բղավոցների ու ոչ կոմպետենտ պահվածքի մասին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, սոցիալական հեռավորություն պահելով, հանում են դիմակները և ելույթ ունենում: Մարությանի այս պահվածքն ուներ հստակ նպատակաուղղվածություն` լռեցնել ինձ: Ցածր, շատ ցածր պահվածք!!! Ինչի՞ց ի՞նչ դարձաք, ումի՞ց ու՞մ վերածվեցիք: Այլևս չեք կարողանա փրկել նույնիսկ Ձեր դերասան դեմքը:
Չնայած, երևի այդ նկատառումներից ելնելով էլ միայն 2019 թվականին Ձեր կինը 3 նոր առանձնատուն է ձեռք բերել Ձեր հարազատ Չեխիայում: Ուզում եմ մեկ անձի ռեիտինգի շնորհիվ ընտրված քաղաքապետին հիշեցնել, որ 3 ամիս է քաղաքացիները նրան են փնտրում: Ո՞վ, ո՞վ, բայց նա իսպառ իրավունք չունի խոսել համավարակից ու կանխարգելումից, որովհետև ՏԱՊԱԼԵԼ Է այս ամենի պայքարի հետ կապված բոլոր կետերը:
Հ.Գ. Պրն. Մարության, հուսով եմ, հետայսու, ամեն գիշեր` քնելուց առաջ, հարցս կհիշեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին