Երևանի կենտրոնում կունենանք նորագույն մոնիթորինգի կայան, որը կչափի օդում փոշու մասնիկների քանակը
Օդի աղտվածությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Տարբեր միջազգային կազմակերպությունների տվյալներով տարեկան հարյուր հազարավոր մարդիկ մահանում են մթնոլորտային աղտոտվածության պատճառով:
Իրավիճակը նույնն է թե զարգացող, թե զարգացած երկրներում, մի տարբերությամբ, որ զարգացած երկրները զգալի գումարներ են հատկացնում օդի աղտոտման պատճառների վերացման կամ մեղման ուղղությամբ:
Մթնոլորտային աղտոտման հիմնական պատճառներն են արդյունաբերությունը, էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակը և այլ գործոններ:
Հայաստանի մթնոլորտային աղտոտավածության հետ կապված խնդիրներից խոսելիս հարկ է նշել, որ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային աղտոտման պատճառները տարբեր են: Եթե Երևանում հիմնականում օդն աղտոտվում է շինարարական և տրանսպորտային արտանետումների հետևանքով, ապա մարզերում պատճառն արդյունաբերությունն է:
«Ինձ հիմնականում անհանգստացնում է մետաղային հանքարդյունաբերության ոլորտը, քանի որ այն ծանր մետաղներով թունավորում է և օդային ավազանը, և ջրերն ու հողերը, ինչպես նաև ազդում է առողջապահության վրա: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենածանր վիճակում Լոռու և Սյունիքի մարզերն են, որտեղ ակտիվ ընթանում է լեռնային հանքարդյունաբերությունը: Այստեղ արտադրական արտանետումների քանակն ու բաց հանքերի թափոնները էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին, այդ թվում աղտոտում են օդն ու հետևաբար վնասում մարդկանց առողջությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:
Անդրադառնալով մայրաքաղաք Երևանին՝ մասնագետը բարձրացրեց Կենտրոն համայնքում ընթացող խիտ շինարարության խնդիրը։
«Կենտրոնի խիտ կառուցապատումը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում։ Շինանյութերն իրենց հետ բերում են նաև որոշ ռադիոակտիվ նյութեր, հատկապես խիտ կառուցապատման պայմաններում, ինչն ունենում է բացասական ազդեցություն»,- ասաց Դանիելյանն ու միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանի օդի աղտոտվածության մեջ մեծ չափաբաժին ունեն նաև շրջակայքում գործող ոչ մետաղական հանքավայրերը:
Ըստ նրա, Երևանի շրջակայքում գործում են 20-ից ավելի հանքավայրեր, թեպետ դրանք մետաղային հանքեր չեն, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ծանր մետաղներ պարունակում են։
Այդուհանդերձ, օդի աղտոտվածության ճշգրիտ պատկեր ունենալու համար, անհրաժեշտ է ունենալ կայաններ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիայով, քանի որ Հայաստանում գործող մոնիթորինգի կայանները չափում են օդում շատ քիչ քանակությամբ նյութեր: Հետևաբար, մթնոլորտային աղտոտվածության մասին միանշանակ չենք կարող ասել, որ ունենք ճշգրիտ պատկեր:
Առաջիկայում նախատեսվում է ԱլԳ շրջանակում իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց թվում են նաև մոնիթորինգի արդյունավետությանը միտված համալիր կարիքների գնահատումը:
Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հայտնեց, որ մոնիթորինգի կայանների հզորացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«ՀՀ մթնոլորտային օդի աղտոտվածության համար մոնիթորինգի համալիր կարիքների գնահատման շրջանակում պետք է հստակեցնենք, օրինակ՝ Երևանում ինչ հզորությամբ մոնիթորինգի կայաններ պետք է տեղադրվեն, որպեսզի պատշաճ մշտադիտարկում իրականացվի: Դա արվելու է և Երևանի, և մարզերի համար»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով, թե պետբյուջեից, թե այլ դոնոր կազմակերպություններից գումար կհատկացվի՝ սարքավորումները գնելու համար:
Իրինա Ղափլանյանը նաև նշեց, որ զուհագեռ կգործի նաև բջջային հավելված, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան տեղեկանալու, թե տվյալ պահին օդի աղտոտվածությունն ինչ մակարդակի է:
«Նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական փաթեթը, թե որտեղ ինչ հզորությամբ կայաններ կլինեն: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել մեկ մոնիթորինգի կայան Երևանի կենտրոնում, որը կչափի փոշու մասնիկների քանակը: Մինչ այժմ Հայաստանում նման ուսումնասիրություն չի իրականացվել: Փոշին, որպես կանոն, Երևանի աղտոտման հիմնական աղբյուրն է»,-ասաց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին