Ջուզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով:
ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին կայացած առանձին հեռախոսազրույցից հետո սա առաջին հեռախոսազրույցն էր, որին համաժամանակ մասնակցել են ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը և երկու երկների ԱԳ նախարարները:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը ցավակցություն հայտնել է սպանվածների ընտանիքներին և՝ վիրավորներին մաղթեց արագ ապաքինում:
Քննարկումների ընթացքում Ջուզեպ Բորելը երկու կողմերին հորդորել է դադարեցնել զինված առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝ տարածաշրջանում առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից: Նա շեշտել է, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները պետք է մասնակից լինեն այս խաղաղ նպատակին:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորել է վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա մեխանիզմները, հաստատված ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ:
Նա նաև ընդգծել է համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ առարկայական բանակցություններում վերստին ներգրավվելու անհրաժեշտությունը, որին երկու նախարարները համակարծիք էին: Նա նաև կարևորել է տեղում ԵԱՀԿ մոնիտորինգը վերսկսելու հրատապությունը, պայմանները թույլ տալուն պես:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է երկու կողմերի հետ ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը և հանձնարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ կապի մեջ լինել երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին