Փաստաբան. Դատավոր Նազարյանը իմ՝ որպես հայցվորի և որպես փաստաբանի կարգավիճակային տարանջատում չի կատարել
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանի որոշումը իր վերաբերյալ որակում է կողմնակալության դրսևորում։
Նա մանրամասնում է.
«ՀՀ փաստաբանների պալատից ստացա գրություն համաձայն որի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանի որոշման հիման վրա նույն դատարանի աշխատակազմի ղեկավարը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ խնդրելով քննարկել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը՝ հաշվի առնելով այն, որ ըստ դատավորի իմ կողմից խախտվել է «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 4.1 կետը:
Այս պատմության ամենաուշագրավ պահը, թերևս, այն է, որ նշված գործով ես հանդես չեմ գալիս որպես փաստաբան, չեմ իրականացնում փաստաբանական ներկայացուցչություն, այլ հանդիսանում եմ հայցվոր, ուստի անհասկանալի է, թե դատավոր Տարոն Նազարյանն ինչ մեթոդական վերլուծության արդյունքում է հանգել հետևության, որ ես որպես դատավարության կողմ կաշկանդված պետք է լինեմ փաստաբանական գործունեություն իրականացնելիս ինձ վերագրվող նորմատիվ կարգավորումների պահպանմամբ: Կանոնագրքի 4.1 կետը տառացիորեն ամրագրում է հետևյալը.
Փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում պետք է հարգանքով վերաբերվի դատավորին և/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը:
Այս նորմի միայն վերջին նախադասության ձևակերպումից դատավոր Նազարյանն ողջամտորեն կարող էր հետևություն անել, որ այն կիրառելի է փաստաբանի նկատմամբ այն պարագայում, երբ վերջինս դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում պաշտպանում է իր վստահորդի շահերը, այլ ոչ թե հանդես է գալիս որպես դատավարության կողմ:
Երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող դատավորի կողմից իմ որպես հայցվորի և որպես փաստաբանի կարգավիճակային տարանջատում չկատարելը, ցավոք, կարող եմ որակել որպես կողմնակալության դրսևորում իմ անձի նկատմամբ»։