Դեսպանատուն. Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։
Հայաստանում ԱՄԷ դեսպանատնից հայտնում են, դիվանագիտության պատմության մեջ այս համաձայնությունը պատմական հաջողություն է, որը կամրապնդի խաղաղությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս համաձայնությունը երեք առաջնորդների ցուցաբերած համարձակ դիվանագիտության և ապագայի նկատմամբ տեսլականի արդյունքն է, ինչի շնորհիվ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծվեն։
Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-Իսրայել պատվիրակությունների միջև՝ ստորագրելու համար մի շարք երկկողմ համաձայնագրեր կապված ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ չվերթների, անվտանգության, կապի և տեխնոլոգիաների, էներգիայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների հետ, ինչպես նաև նախատեսվում է երկկողմ համաձայնագիր ստորագրել դեսպանություններ բացելու վերաբերյալ։
Այս երկու երկրների միջև անմիջական հարաբերությունների ստեղծումը կհանգեցնի Մերձավոր Արևելքի տնտեսական, տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Դիվանագիտական այս առաջխաղացման արդյունքում նախագահ Թրամփի միջնորդությամբ և ԱՄԷ-ի պահանջով՝ Իսրայելը դադարեցնում է պաղեստինյան հողերի բռնագրավման ծրագիրը և կենտրոնացնում է իր ջանքերը արաբական մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
ԱՄԷ-ն և Իսրայելը անմիջապես ձեռնամուխ են լինելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համատեղ աշխատանքին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների կյանքերի պահպանման՝ անկախ ազգային կրոնական պատկանելիությունից։
Երկու երկրները ջանք կգործադրեն հասնելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի արդարացի, համապարփակ և վերջնական լուծմանը։ Այսուհետ բոլոր մուսուլմանները կարող են այցելել ալ Ակսա մզկիթ, ինչպես նաև Երուսաղեմի բոլոր սրբավայրերը բաց կլինեն բոլոր կրոնների դավանողների համար։