Եթե պահանջում են ինձանից հերքել դա, չեմ հերքելու. Տիգրան Ուրիխանյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով դատական նիստը։ Հայցի պատճառ է դարձել հունիսի 1-ին պատգամավորի հայտարարությանը, որով դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հետաքրքրվել է, թե որտեղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։ Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ դատական նիստերին այսուհետ կմասնակցի իր փաստաբանը, իսկ ինքը գերծանրաբեռնվածության պայմաններում չի կարող ներկայանալ նիստին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, հայցվոր կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը ներկայացրեց հայցի հիմքերը՝ նշելով, որ Ուրիխանյանից պահանջում են հրապարակային հերքում և, որ Ուրիխանյանը չի կարող ապակտիվացնել իր ֆեյսբուքյան էջը կամ հեռացնել գրառումը։ Գյոզալյանի խոսքով՝ Ուրիխանյանը դատախազության կողմից ներկայացված տվյալները ներկայացրել է խեղաթյուրված, ինչին ի պատասխան պատասխանող կողմի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանը նշեց, որ դա միայն հայցվորի կարծիքն է և չկա որևէ հաստատված փաստ առ այն, որ Ուրիխանյանը խեղաթյուրել է այդ տվյալները։
Այսօրվա դդատական նիստը հետաձգվեց։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտնեց, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել՝ գործով որպես երրորդ կողմ որոշ ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց ներգրավելու մասին։ Միջնորդության քննարկումից հետո միայն դատարանը կբաշխի ապացուցման բեռը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին:
Լրագրողների հետ զրույցում Տ. Ուրիխանյանն ասաց. «Ինձանից պահանջում են հերքել գաղտնիության մասին գլխավոր դատախազությունից ստացված տեղեկությունները: Այստեղ հարց է առաջանում, եթե որևէ գաղտնիություն այդտեղ չկա և չի կարող լինել, այդ թվում հաշվարկվող աշխատատեղերի հիման վրա, ապա ինչո՞ւ է հղում արվել գաղտնիությանը:
Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է կրի պատասխանատվություն կրի» արտահայտությունը։ Սա հետապնդում է այն քաղաքական գործի նկատմամբ, որը պարզապես փորձում է բոլոր հնարավոր ձևերով, թևերը քշտած աջակցել Հայաստանում բաց, թափանցիկ, ժողովրդի համար ակնառու կերպով պետական միջոցների գոյացման, բաշխման մեթոդաբանությանն ու ճանապարհներին:
Պատգամավորի գործունեության ընթացքում իր արտահայտած կարծիքի և քվեարկության համար պատգամավորին հետապնդելն արգելվում է։ Իմ ուղղակի պարտավորությունն է տալ այն հարցը, թե որտե՞ղ է ժողովրդի փողը։ Եթե պահանջում են ինձանից հերևքել դա, դա չեմ հերքելու»։
Հարցին՝ իր կարծիքով որտե՞ղ են այդ գումարները, Տ. Ուրիխանյանն ասաց. «Կամ գումարները եղել են՝ տեղ չեն հասել, կամ՝ գումարները չեն եղել, որովհետև չկան աշխատատեղեր։ Երրորդ տարբերակ ես չեմ կարողանում գտնել»։
«Եթե հիմնադրամը, որի ղեկավարը կառավարության անդամ է, որոշում է հայց ներկայացնել իմ դեմ միայն նրա համար, որ ես այդ հարցրել եմ՝ որտեղ է ժողովրդի փողը, ու դրա համար հանել են ինձ հիմնադրամից և հետո պահանջում է, որ ես հերքեմ, որ դրա համար են հանել հիմնադրամից, ուրեմն՝ ինչպես անում են՝ «ցըմփ»»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին