ՔԿ-ի ծառայողները պատրաստվում են զորակոչի
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:
Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:
«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ կատարել ենք խաղաղ կյանքում, դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը`հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման, և սպասեն զորակոչի:
Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը