Դատախազությունը զգուշացնում է՝ ռազմական դրության ընթացքում զերծ մնալ հավաքներին մասնակցելուց
«Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։
Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։
Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի