Ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել
Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտնել են հանրապետության ՆԳ նախարարությունից:
Ներքին գործերի նախարարության թարմացված տվյալների համաձայն, Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում 23 ոստիկան է վիրավորվել, մնացած 39-ը՝ շրջաններում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների 37 աշխատակիցներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Շաբաթ երեկոյան սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր, որոնցում երեւում էր, թե ինչպես են բողոքի ցույցի մասնակիցները ծեծում ժանդարմներին:
Միևնույն ժամանակ, ըստ ՆԳՆ-ի, երկու ցուցարար դիմել են ոստիկանության Գլխավոր տեսչություն`ոստիկանության կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ բողոքով: Հայտնի է նաև, որ բողոքի ցույցի ժամանակ սիրիացի անկախ լուսանկարիչ Ամիր ալ-Հալբին վիրավորվել է գլխի շրջանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը դատապարտել է 24-ամյա ֆոտոլրագրողի նկատմամբ «ոստիկանության անընդունելի բռնությունը»:
Ֆրանսիայում ցույցերի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 80 մարդու, ովքեր մասնակցել են անկարգություններին:
Շաբաթ օրը Ֆրանսիայի 70 քաղաքներ բողոքի ցույցեր անցկացրեցին «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի նախագծի դեմ, որի դրույթներն իրականում արգելում են ոստիկանության և ժանդարմերիայի սպաների ֆոտո և վիդեո նկարահանումները: Զանգվածային երթերի կազմակերպիչներն էին լրագրողների արհմիությունները, Մարդու իրավունքների պաշտպանության լիգան և այլ հասարակական միավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ