ՀՀ-ն ու Արցախը օտարերկրյա ԶԼՄ-ների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդերլանդների նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորել է անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։
Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբը Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։
Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով, ինչը տասնամյակներ շարունակ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայերի նկատմամբ բռնության և դաժանության այդ կոչերը շարունակում են դրսևորվել հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքով: Գիտակցելով, որ ատելության խոսքը վայրագ հանցագործությունների համար հող է նախապատրաստում՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում խոսքի ազատության և ատելության խոսքի միջև ճիշտ հավասարակշռությունը գտնելու գործում»։
Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը վերահաստատեl 1 Հայաստանի հանձնառությունը մամուլի ազատության և լրագրողների անվտանգության ապահովման գործում։
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրացի լրագրողները զարմացած են՝ Ստեփանակերտում թալան չկա
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան
- Լրագրողական ՀԿ-ները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ոտնձգությունների վրա
- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ապահովել լրագրողների անվտանգությունը
- Այսօր Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են նաև Banak.info կայքի լրագրողները
- Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը