Իսրայելի խորհրդարանը լուծարվեց․ 2 տարվա մեջ կանցկացվեն 4-րդ ընտրությունները
23-րդ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) ավտոմատ լուծարվեց այսօր՝ երկրի ընթացիկ տարվա պետական բյուջեի հաստատման ժամկետի ավարտի պատճառով։ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գործող օրենսդրությանը համապատասխան, տեղի կունենան 2021 թվականի մարտի 23-ին: Այդ մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Իսրայելի պետական Kan ռադիոյին:
«Մենք նորից գնում ենք ընտրությունների: Մեզ դժվար ժամանակաշրջան է սպասվում: 23-րդ Քնեսեթի դռները փակվում են», - ասել է խոսնակ Յարիվ Լևինը՝ պալատի լիազորությունների ավարտից մի քանի րոպե առաջ ավարտելով խորհրդարանի վերջին լիագումար նիստը՝ մուրճի երեք հարվածով:
Գործող օրենսդրության համապատասխան՝ Բենիամին Նեթանյահուն մնում է վարչապետ՝ մինչև նոր կառավարության երդման արարողությունը, որը կկազմավորվի առաջիկա ընտրությունների արդյունքներով:
Սա կլինի Իսրայելի խորհրդարանի չորրորդ ընտրությունը՝ վերջին երկու տարվա ընթացքում: