Կենդանաբանական այգին աղվեսներին բաց է թողել
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ էր բերվել մեկ առանձնյակ աղվես: Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել էր, որ շտապում է մեկնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու նպատակով և այդ պատճառով որևէ փաստաթուղթ չի կարող ներկայացնել:
Կենդանաբանական այգուց հայտնում են, որ այդ օրվանից ի վեր կենդանին գտնվել է այգու աշխատակիցների մշտական հսկողության և խնամքի ներքո, ստացել կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ:
Պատերազմի ավարտից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են կապ հաստատել քաղաքացու հետ, սակայն մինչ օրս չի հաջողվել խոսել նրա հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենդանաբանական այգում կենդանու համար համապատասխան ազատավանդակ չկար, ինչը հնարավորություն չէր տալիս ապահովել աղվեսի բնականոն կենսապայմանները, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը՝ կենդանուն բնության գիրկ բաց թողնելու գործընթացին աջակցելու նպատակով, դիմել էր ոլորտը վերահսկող ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Փետրվարի 23-ին կազմվել է վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, որից հետո ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն՝ «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին