Մեքենաների առուվաճառքի ամբողջովին էլեկտրոնային եղանակի անցնելու կառավարության հայտարարությունը ճիշտ չէ
«Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռավար տարբերակով»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Վերջինս ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը սահմանող որոշման մեջ:
Ֆիդանյանի խոսքով՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի նաև անել ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ նույնականացման քարտի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ և առանց տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու:
Փոխոստիկանապետը հավելեց, որ բացառություն կլինեն միայն ՀՀ տարածքում առաջին անգամ պետական գրանցման ներկայացվող տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Ֆիդանյանի՝ նախագծով պետական գրանցման և հաշվառման ենթակա կլինեն նաև մոպեդները, իսկ մի շարք մարմինների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների համար առանձին նիշեր չեն սահմանվի, քանի որ դրանք սահմանվելու են վարչապետի լիազորությամբ:
Փոխոստիկանապետը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը:
Ֆիդանյանը նաև նկատեց, որ փոփոխությամբ հնարավորություն կտրվի հեռավար կարգով, համակարգչի միջոցով իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների գնման և վաճառքի գործընթաց, բայց դրա համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրություն:
Ըստ փոխոստիկանապետի՝ բոլոր դեպքերում գնորդը մեքենայի պետհամարանիշները փոխանակելու նպատակով պետք է ժամանի ճանապարհային ոստիկանության կայանման վայր և վճարումներ կատարի:
Հարակից հրապարակումներ`
- Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը