Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
«Եթե ապացույցներ ի հայտ գան, որ կոնկրետ գործով դուք միջամտել եք, պատրա՞ստ եք անմիջապես հրաժարական ներկայացնել»,- ԱԺ այսօրվա նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
«Եթե ապացույց կլինի որ ինչ-որ մի գործով ես միջամտել եմ, ապա ոչ միայն հրաժարականի հարց առաջ կգա, այլ՝ քրեական ապատսխանատվության»,- պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը:
Վահագն Հովակիմյանը նաև բարձրացրեց Սյունիքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի հարցը և հայտարարեց, թե դա թեկնածուի անպատասխանատվության արդյունք է և ԲԴԽ նախագահը ոչ թե այդ անպատասխանատվութունը կանխել է, այլ խրախուսել:
Ըստ պատգամավորի՝ եթե թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացնում, ապա պետք է գա ԱԺ ամբիոնից այն հայտնի, կամ ԱԺ նախագահին ներկայացնի:
«Այստեղ բարձր պաշտոններ են ընտրվում և անձը չի կարող անպատասխանատու լինել, մեղսունակության կանխավարկածով է ընտրված այս մոտեցումը»,- նկատեց Հովակիմյանը և հայտնեց, որ դատարանի նախագահը չէր կարող չիմանալ, որ պետք է դիմեր ԱԺ նախագահին, այլ ոչ թե ԲԴԽ նախագահին, իսկ վերջինս նրան չասեր, որ իրեն չպետք է դիմեր և պահանջեր, որ հարգի ԱԺ ինստիտուտը և ներկայանա խորհրդարան:
Իմքայլական պատգամավորը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահը և Սյունիքի առաջին ատյանի դատարանի նախագահը անարգել են ԱԺ-ն:
Ռուբեն Վարդազարյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում դատավորի թեկնածուի վերաբերյալ նման գնահատականներ չպետք է հնչեն:
«Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել»,- հայտարարեց Վարդազարյանը և տեղեկացրեց, որ ստացել է հրաժարականի մասին Գրիգորյանի գրությունը և կից գրությամբ և ամենայն հարգանքով ուղղել է ԱԺ նախագահին:
ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ Գրիգորյանն իրեն ասել է՝ այս պահին Սյունիքից Երևան տեղափոխվելը շատ նման կլինի փախուստի կամ դավաճանություն Սյունիքին, կամ տեղի դատավորներին:
Նկատելով, որ չի հասկանում, թե ըստ պատգամավորի պնդման, ինչպես է ինքն Երևանից Կապան աջակցել դատավորին, որ նա նման գրություն ուղարկեր՝ Վարդազարյանը նշեց, թե իր համար տարբերություն չկա, թե ԱԺ ամբիոնին մոտենալով կներկայացնի երեք դատավոր, թե՝ երկու:
«Հայտնում եմ, որ պատասխանատվության իմ աստիճանը հավասար է 0-ի այն հարցադրումների կոնտեքստում, որը որ դուք հնչեցրեցիք»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին