Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին․ Սերգեյ Ռուդենկո
2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ և Ֆրանսիա) այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատել է արյունահեղությանը վերջ տալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում, գրում է Թերթը։
«2020 թվականի հոկտեմբերին 3 երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով արվել են կարևոր հայտարարություններ ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտող կողմերի միջև:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կողմից մշակված հիմքային սկզբունքներն են ընկած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հիմքում, որով վերջ էր տրվում ռազմական գործողություններին և հրադադար էր հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում՝ որոնելով քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության տևական և երկարաժամկետ կարգավորման ուղիներ»,-ասել է Ռուդենկոն:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում մեկնաբանել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործընթացը:
«Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տուժել է երկար ժամանակ, և դեռևս տառապում է փոխադարձ շրջափակումներից և նորմալ համագործակցություն հաստատելու անկարողությունից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցի մեջ:
Այս առումով մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները: Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները: Սա շատ բարդ և կոմպլեքսային գործընթաց է, որում ներգրավված են 3 երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևոր է այն որոշումների ընդունումը, որոնք թույլ կտան, միաժամանակ պահպանելով շահերի հավասարակշռությունը և աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը, վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»,-հայտարարել է Ռուդենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ