Քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ գյուղերին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը. Բագրատյան
ԱԺ պաշտպանույան և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով, նախագծի քննարկումը պետք է հետաձգել, քանի որ որոշակի վիճակագրական-վերլուծական տվյալներ դեռևս պետք է ուսումասիրվեն, բացի այդ պետք է արդյունավետության չափը գնահատվի, ինչը բավականին երկար աշխատանք է։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի, սահմանամերձ համայնքների բնակիչներին պետք է տրամադրվեն ակոսավոր որսորդական զենքեր։
Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ օրենքի կարևորությունը շատ մեծ է, բայց նաև պետք գիտակցել բոլոր ռիսկերը։
«Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ գյուղերին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը։ Բայց սրանք կարծիքներ են, որոնք քննրկման ենթակա են։ Մենք չենք շտապելու։ Ինչո՞ւ պետք է ողջ ազգաբնակչությանը տանք զենք ունենալու իրավունք, քանի որ, ողջ աշխարհը գիտի՝ եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի։ Երբ դու պատրաստ ես պատերազմի, հարևաններ հետախուզությունը դրա մասին տեղեկանում է, և միշտ չէ, որ սանձազերծում է պատերազմ։ Ամեն համայնք պետք է վերածվի մի հզոր ջոկատի, որը պատրաստ է պատերազմի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ցանկանալ պատերազմել»,- շեշտեց նա։