Կարծում եմ՝ ԲՀԿ ցուցակում կլինեն նոր դեմքեր. Իվետա Տոնոյան
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունների մասին պաշտոնական հաղորդագրություն լինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, դրանից հետո իրենք կանդրադառնան իրենց ցուցակների կազմմանը։
«Հիմա մեզ համար առաջնային է մեր նախընտրական ծրագրի կազմումը, բովանդակային ծրագրերի իրականացումը։ Այդ ամենն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ անձանց՝ իբր մեր ցուցակում հայտնվելու մասին լուրերին, ապա մենք շատ լավ գիտենք՝ ովքեր են այդ ամենն անում, ինչու են անում և ինչ նպատակով են նման լուրեր տարածում։ Ես ուզում եմ ասել, որ հրապարակվելու է մեր համամասնական ցուցակը»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք նոր անուններ կլինեն ԲՀԿ ցուցակում, Իվետա Տոնոյանը պատասխանեց՝ ասելով, որ ինքն էլ այդ ամենին դեռ չի տիրապետում և հստակ ոչինչ ասել չի կարող։
«Երբ հստակ կլինեն ընտրությունների անցկացման ժամկետները, բոլորը կիմանան մեր ցուցակի կազմը։ ԲՀԿ ցուցակում մշտապես նոր դեմքեր ներգրավված եղել են, կարծում եմ՝ այս անգամ ևս կլինեն նոր դեմքեր։ Բայց այս ամենից կխոսենք, երբ արդեն հստակ կլինեն ցուցակները»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ շանսեր ունի ԲՀԿ-ն այս ընտրություններում, պատգմավորը պատասխանեց. «Բնականաբար շատ բարձր։ Մենք մասնակցելու ենք հաղթելու հաստատակամությամբ։ Այդ առումով մեզ վստահություն են ներշնչում մարզերում անցկացրած հանդիպումները, մեր ծրագրի վերաբերյալ մարդկանց լավատեսությունը»։
Դիտարկմանը, որ ԲՀԿ ծրագրային կետերից մեկը՝ մինչև 3 միլիոն դրամ վարկերի զրոյացումը, շատերի կողմից ընկալվում է որպես մանիպուլյացիոն հնարք, Իվետա Տոնոյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենց մանիպուլյացիաներ անելու մեջ մեղադրողները հենց իրենք են սովոր նման գործիքներ կիրառել։
«Մենք ունենք հաշվարկներ, թե ինչպես է հնարավոր անել այդ ամենը, մենք պոպուլիզմով երբևէ չենք զբաղվել և չենք փորձել ականջահաճո հայտարարություններ անել»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց