Ամբիցիաների ժամանակ չէ, այս օրհասական պահին պետք է միավորվել․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը կոչ է արել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի համար։ Այս մասին տեղեկացնում են դաշինքից։
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Կոչ եմ անում բոլորին, իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Քարոզարշավի վերջին օրը ուզում եմ ասել, որ մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք, մենք այդ արարքով կապիտուլյանտի ջրաղացին ջուր ենք լցնում։ Ես խնդրում և հորդորհում եմ այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք ԱԺ մտնելու թույլատրելի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, կոչ անեն իրենց աջակիցներին միավորվել «Պատիվ ունեմ N6» կամ «Հայաստան N24» դաշինքների շուրջ։ Վստահ եմ, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության և անվտանգության օգտին։
Իսկ կապիտուլյանտին կոչ եմ անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և չտանել քաղաքացիական առճակատման մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին՝ հանուն իր սեփական ու իր ոհմակի ամբիցիաների։
Ամբիցիաների ժամանակ չէ, այս օրհասական պահին պետք է միավորվել ուժեղների շուրջը և կանգնել Ազգի և Պետության կողքին: Ամբիցիաները կսպասեն, ուստի գնում ու կատարում ենք հայանպաստ ընտրություն: Ես իմ ձայնը տալու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին:
Հաջողություն բոլորի՛ս»,- գրել է նա։