Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունից
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության պետին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերել են սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են նրա հորը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի հաջորդ օրը 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում ու բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա ևս ձերբակալվել է։ 48-ամյա տղամարդը, ընդամենը հանդիսանալով տարածքի սեփականատեր, այսպես ասած՝ իրեն վերապահել էր սուպերմարկետում գործունեություն ծավալողի իրավունք՝ միջամտել էր անվտանգության ծառայության պետի աշխատանքին։ Պարզաբանումներն էլ ավարտվել էին խուլիգանությամբ։
Ոստիկանությունը հետևողականորեն գնալու է հասարակական կարգի ցանկացած խախտման հետքերով ու հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք բացահայտելու է՝ մեղավորներին բերելով քրեական պատասխանատվության դաշտ»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին