Բուժաշխատողները հայց են ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Հունաստանի՝ պարտադիր պատվաստման հարկադրանքի պատճառով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Հունաստանի դեմ երկու դիմում է ստացել՝ ներկայացված 30 առողջապահական մասնագետների կողմից, որոնք աշխատում են անկախ կամ հանրային առողջապահական հաստատություններում: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ից։
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2-ի (կյանքի իրավունք), 3-ի (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում), 4-ի (ստրկության և հարկադիր աշխատանքի արգելք), 5-ի (ազատության և անվտանգության իրավունք), 6-ի (արդար դատաքննության իրավունք), 8-ի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-ի (խտրականության արգելք)՝ դիմումատուները բողոքում են 4820/2021 օրենքի թիվ 206-րդ դրույթներից, որոնք պարտադրում են առողջապահության ոլորտի մասնագետների պարտադիր պատվաստումը Covid-19-ի դեմ՝ որպես իրենց զբաղմունքը շարունակելու կարողության պայման:
Դիմումատուները նաև խնդրել են, որ Դատարանը կիրառի միջանկյալ միջոցներ (Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոն) և անմիջապես կասեցնի օրենքի կիրառումը:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին Դատարանը որոշել է մերժել միջանկյալ միջոցների միջնորդությունները՝ համարելով, որ դրանք դուրս են 39-րդ կանոնի (միջանկյալ միջոցներ) շրջանակից:
Դատարանը մատնանշել է, որ նման խնդրանքները բավարարում է միայն բացառիկ հիմունքներով, երբ հակառակ դեպքում դիմումատուների առջև կկանգներ անդառնալի վնասի իրական վտանգը։
Ներկայումս ՄԻԵԴ վարույթում են գտնվում Կակալետրին և այլոք ընդդեմ Հունաստանի (Kakaletri and Others v. Greece), որը ներկայացվել է 24 դիմողի կողմից, որոնցից 18-ը անկախ բժիշկներ են, իսկ վեցն աշխատում են պետական բժշկական հաստատություններում, և երկրորդը՝ Թեոֆանոպուլուն և այլոք ընդդեմ Հունաստանի (Theofanopoulou and Others v. Greece), որը ներկայացվել է հանրային բժշկական հաստատություններում աշխատող պետական հատվածի վեց աշխատակիցների կողմից (բժիշկներ/բուժքույր/բուժաշխատող) դիմումները: