«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։ Այս մասին հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Հանրային կապերի բաժնից:
Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբևէ կարևոր է ու արժեքավոր Հայաստանի համար։
«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
«Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։
Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards), որը հիմնադրվել է 1993 թ․-ին, միտված է ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչմանը, պարգևատրմանն ու տոնակատարությանը։
«Նման համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությունը եւ հաղթանակը, այն էլ երկու անվանակարգերում, առավել ճանաչելի են դարձնում երկիրը միջազգային շուկաներում։ Հարկավոր է օգտագործել նման հնարավորությունները, եւ շարունակական մարքեթինգային արշավների միջոցով ամրապնդել Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային ժառանգության առաջատար վայր եւ առաջատար ճոպանուղի ունեցող երկիր»,-նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը։
Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։
Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր նաև
«World Travel Awards»-ի հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան, որի ընթացքում նա շրջել էր Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում, ծանոթացել հայկական մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և ազգային խոհանոցին։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի մասին
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ