Չգիտեմ՝ ինչպիսի լուծում կստանա այս երկրում, բայց եթե իրավաբանության տեսանկյունից նայենք՝ պետք է արդարացում լինի. Արագած Ախոյանի պաշտպան
Ընդհանուր իրավասության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում այսօր նշանակված էր Իսրայել Հակոբկոխյանի, Վահագն Չախալյանի, Արշակ Զաքարյանի, Արագած Ախոյանի և Տիգրան Չոբանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական նիստը։
Panоrama.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանի պաշտան Բենիկ Գալստյանն ասաց, որ, ըստ էության, քննություն չեղավ, քանի որ բոլոր մասնակիցներրը չէին եկել դատավարության, ծանուցում չէին ստացել։ Նա նշեց, որ փոստի հետ կապված խնդիրներ էին եղել, իրենք էլ ծանուցում չէին ստացել, պաշտպանյալներից մեկն էր ստացել, այդպես էին իմացել ու եկել։
Հաջորդ նիստը նշանակված է 2022 թ. փետրվարի 25-ին։
Պաշտպանի խոսքով, Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Արագած Ախոյանը և Տիգրան Չոբանյանը մեղադրանքը չեն ընդունում, իրենց մեղավոր չեն ճանաչում։
«Իմ կարծիքն այն է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, ընդ որում անհասկանալի ծանր հոդվածով են այս անձանց մեղադրանք առաջադրել։ Չեմ պատկերացնում որևէ դատավոր այս ապացուցողական բազայի պայմաններում դատավճիռ կայացնի»,- ասաց Բ.Գալստյանը։
Նա դժվարացավ ասել, թե ինչպիսի լուծում կստանա այս գործն այս երկրում, բայց եթե իրավաբանության տեսանկյունից նայեն՝ պետք է արդարացում լինի։
Հիշեցնենք՝ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Արագած Ախոյանը և Տիգրան Չոբանյանը մեղադրվում են այն բանի համար, որ փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին մի քանի հարյուր քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այնուհետև կառավարության շենքի դիմաց բախումներ էին սկսվել շենքը պահպանող ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների միջև, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին մուտք գործել կառավարության շենք։ Դեպքի վայրից բերման էին ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան
- Փաստաբանն ահազանգում է՝ Չախալյանի, Ախոյանի, Չոբանանի մեղադրանքները ծանրացվել են
- Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին