«Թուրքերի և ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների»
«Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, թե իշխանության առաջնային անելիքը պետք է լիներ Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կամ պոպուլիզմով է զբաղված, կամ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական զգայական էֆեկտ են ստեղծում»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց, որ ԶՈւ-երում արձանագրվող ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված մահվան դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումուտը, ՀՀ քաղաքացիների առևանգումները, ադրբեջանական կամայականությունների և ագրեսիայի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքների կորուստները մի կողմից հետևանք են անվտանգային համակարգերում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից՝ այն հաստատում է, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք ու ցանկություն չունի:
«Հասել ենք մի կետի, որ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ, տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի և ապագայի մասին»,- ասաց Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի 32 զինծառայող էր գերեվարվել, որոից 6-ն այս պահին շարունակում են մնալ գերության մեջ, իսկ վերադարձածների մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցված:
Աբրահամյանը նկատեց, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի վերջիններիս համարել են մեղավորներ և խաչ քաշել նրանց ճակատագրի վրա, իսկ նրանցից մեկը, որը վիրավորվել էր ու գերեվարվել, վերադառնալուց հետո էլ կալանքի տակ է ու անհրաժեշտ բուժման հնարավորություն չունի:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ երկար ժամանակ է, որ տեղեկություն չկա Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածից գերեվարված զինծառայողների մասին:
«Չնայած նրան, որ իշխանության ստեղծած անվերահսկելի քաոսի պայմաններում այդ ուղղությամբ ծառայող զինծառայողները հայտնվել էին անելանելի իրավիճակում, բայց այս դեպքում էլ իշխանությունները նախապես մեղավորներ են նշանակել, զինծառայողներ է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, զինծառայողները, իսկ ինքը՝ իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ, այսպես ասած, տուժողի թիկնոց կրելով շարունակում է արդարանալ և մոլորեցնել հանրությանը»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը և նկատեց.
«Այս ընթացքում Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև թուրքերի և ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների»:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ հպարտ քաղաքացիների համար կյանքը դարձել է թանկ. Արեգնազ Մանուկյան
- Հայաստան-Թուրքիա գործընթացը չի կարող կայանալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ