Իշխանությանը ձեռնտու է՝ ժողովուրդը բաժանված լինի, այսօրվա տոնն անցկացնի տարբեր վայրերում՝ չերևալով. Գևորգ Գևորգյան
«Պատահական չէ, երբ ասում էինք, որ Հայաստանի և Արցախի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ թափվել է հայ զինվորի արյունը, որտեղ կանգնած է նա»,- ասուլիսում հայտնեց ռազմական փորձագետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ դավադիր իշխանության պատճառով այսօր հայ ժողովուրդը ունի մասնատված և բզկտված Հայաստան, գրեթե 80%-ով թուրքերի կողմից օկուպացված Արցախ և մի իրականություն, երբ մեր հասարակությունը դարձել է անտարբեր ամեն ինչի նկատմամբ:
Ըստ Գևորգ Գևորգյանի՝ Հայոց բանակի 30-ամյակին ոչ մեկը ոչինչ չի անում, այլ միայն խոսում են մեմուարներով:
«Մենք պետք է հասկանանք, որ եթե մենք հանձնվեցինք, ուրեմն թշնամուն ամեն ինչ հաջողվել է: Այսօրվա իշխանությանը ձեռնտու է, որ ժողովուրդը բաժանված լինի, այսօրվա տոնի միջոցառումներն անցկացվեն տարբեր վայրերում՝ չերևալով»,- ասաց ազատամարտիկը և նկատեց, որ իշխանություններն այնպես են պլանավորել, որ ՀՀ Զինված ուժերի օրը հանրապետության հրապարակում ոչինչ տեղի չունենա, այլ բոլորը գնան սգալու:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում թուրքերը կարող են շատ հանգիստ խոսել, որ Հայոց բանակի 30-ամյակը ոչ ոք չի տոնում, այլ բոլորը միայն սգում են և, որ իրենք կարողացել են հասնել իրենց նպատակին.
«Էս մենք ուզում ենք թուրքերին ուրախացնե՞լ, ուզում ենք թույլ տալ, որ թուրքերը ասեն, որ իրենց ուզածին հասա՞ն: Թուրքե՞րն են հասել, թե՞ մեր դրածոները՝ թուրքերի շահը սպասարկողները»,- ասաց Գևորգ Գևորգյանը և հավելեց. «Մեր անվտանգությունը կախված է մեր բանակից, չի լինի բանակ՝ չի լինի անվտանգություն, չի լինի ոչինչ, նաև տնտեսական աճ, քանի որ ունենք հոխորտացող երկու թշնամի պետություն»:
Ազատամարտիկը բոլորին կոչ արեց հավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում, տոնել Հայոց բանակի ստեղծման օրը, ինչը կխորհրդանշի հայ մարդու արժանապատվության հավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին