Եվրոպացի պատգամավորները հավելյալ փաստական տվյալներ են խնդրել ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ. Մամիջանյան
Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը։ Նիստց հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնել են այն բոլոր խնդիրները, որոնք ղարաբաղյան հակամարտության համատեքստում ծառացած են մեր երկրի առջև՝ գերիների խնդիր, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցի ԶՈւ առկայություն, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների, վարձկան զինյալների օգտագործում, մշակութային արժեքների ոչնչացում, վայրագություններ։
Նա հայտնեց, որ Եվրոպական պառլամենտի պատգամավորներին ներկայացրել են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները՝ սկսած ընտրությունների կազմակերպումից մինչև այս պահին քաղբանտարկյալների առկայություն, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ։
«Այդ տեղեկատվությունը Եվրոպական պառլամենտի պատգամավորներն ընդունեցին ի գիտություն և խնդրեցին տրամադրել հավելյալ փաստական տվյալներ։ Մենք սիրով առաջիկա օրերին կկատարենք։ Հուսամ՝ այս անգամ եվրոպական կառույցներն ավելի աչալուրջ կհետևեն ընդդիմության տրամադրած տեղեկատվությանը և ավելի հասցեական, հրապարակային հակադարձում և արձագանք կտան ընթացող գործընթացներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ վստահություն հայտնելով, որ հավելյալ փաստագրական տվյալների տրամադրումից հետո ապագայում կտեսնեն դրա արդյունքները։