Ասում են ինֆլյացիան ներմուծված է, ներմուծված չէ, մեր գնաճն ավելի մեծ է. Արթուր Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկում են Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցեր ուղղեց նրան գնաճի վերաբերյալ։
«Մենք փոքր և բաց տնտեսություն ենք, եթե աշխարհը փռշտում է, մենք գրիպ ենք ընկնում։
Նշեցիք, որ 2021 թվականին 7,7 տոկոս գնաճ ենք ունեցել։ Միաժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը հունվարի 25-ին թվեր է հրապարակել համաշխարհային ինֆլյացիայի վերաբերյալ՝ զարգացած աշխարհում 4 տոկոսի կարգի, զարգացող աշխարհում՝ 6 տոկոսի կարգի։ Այսինքն, իրականում, որ ասում են ինֆլյացիան ներմուծված է, ներմուծված չէ, մեր գնաճն ավելի մեծ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ եթե նայեն ներմուծում- արտահանում –արտադրանք, կտեսնեն, որ Հայաստանում զգալի մասը պայմանավորված է ապրանքային դեֆիցիտով։ Ա. Խաչատրայնի խոսքով, դա ավելի կխորանա այս տարի հենց թեկուզ պարենի բնագավառում. «Հացահատիկի գները հասել են 14 տարվա մաքսիմումի, կառավարությունը որոշել է չսուբսիդավորել գարնանացանը՝ սերմանացուի մասին է խոսքը, մարտի 3-ն է, դեռ պարարտանյութի վերաբերյալ որոշում չի կայացրել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի մեկ այլ հայտարարության, որ տնտեսությունը վերականգվում է։
Նա թվեր հրապարակեց՝ հակառակն ապացուցելով։
Ըստ Լևոն Սահակյանի, կա մի ցուցանիշ, որը շատ խոսուն բնութագրում է այն երևույթը,
որ Հայաստանի տնտեսությունում եղել է տրանսլյացիոն էֆեկտ. «Կարծում եմ` ներմուծումների՝ դոլարային արժեքով գնաճն է, որը բաց աղբյուրներում հրապարկված է, ներմուծման գնաճը կազմել է 7,2 տոկոս»։
Տնտեսական աճի վերաբերյալ նա նշեց, որ պարզ թվերի տիրույթում ամբողջությամբ վերականգնում չի արձանագրվել, բայց այլ տնտեսությունների հետ համեմատած՝ պատկերն այլ է և կարծում է՝ այն բավարարող է։