Ուկրաինան տեսել է, որ ՌԴ-ի կոկորդը սեղմող սանկցիաների օղակից Հայաստանի ուղղությամբ ռուսները փորձում են շնչել. Մհեր Հակոբյան
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ռուսաստանը նախատեսում է վրացական, հայկական և ադրբեջանական ապրանքների անվան տակ արտադրել սեփական ապրանքներ, այնուհետև արտահանել երրորդ երկրներ։
Ուկրաինայի այդ վարքը գնահատելու համար Panorama.am-ը դեմեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին:
Panorama.am-Հաշվի առնելով Արցախյան խնդրում Ուկրաինայի ունեցած դիրքորոշումը՝ բարոյական նորմերին համապատասխանո՞ւմ են Հայաստանից Կիևի պրոուկրաինական կեցվածքի ակնկալիքը:
Մ. Հակոբյան-Նախ Սկսենք նրանից, որ քաղաքականության մեջ բարոյականությունը շատ հարաբերական հասկացություն է և այնտեղ, որտեղ գործում են ազգերի և պետությունների կենսկան շահերը, բարոյականությունը՝ եթե ոչ երկրորդական, ապա նույնիսկ երրորդական պլան է մղվում: Մարդկային հարաբերություններում, երբ կենաց-մահու խնդիր է առաջանում, նույնիսկ այդ դեպքում բարոյականությունը մղվում է երկրորդ պլան և մարդիկ սկսում են երկակի ստանդարտներով գործել, ուր մնաց պետությունների հարաբերություններում:
Այս դեպքում Ուկրաինան մեզ դիտարկում է, որպես իր թշնամու դաշնակից, սա փաստ է: Այս պահին Կիևի իշխող ռեժիմը շահագրգռված է, որ նվազագույնը պատերազմն ավարտվի իրենց հաղթանակով, իսկ առավելագույնը՝ Ռուսաստանի կործանմամբ: Այս պայմաններում, երբ Արևմուտքը սանկցիաներով սեղմում է Ռուսաստանի կոկորդը, հանկարծ Ուկրաինան շուրջն է նայում և տեսնում է, որ այդ օղակից Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանը փորձում է շնչի և այլն: Հիմա այս պայմաններում, ինչ բարոյականության մասին է խոսքը, երբ Կիևի ռեժիմի կենաց-մահու խնդիրն է դրված և այդ ռեժիմը փորձում է իր թշնամուն փրկօղակի մի միջոցից զրկել:
Խնդրիրը բարոյական է, թե չէ, կարծում եմ այն արդիական էլ չէ: Դաժան կանոններով ընթացող պատերազմ է՝ ռեալ պոլիտիկ: Այս պայմաններում, ով ենք մենք Կիևի համար: Պատմականորեն էլ մեզ Կիևը կշտանբելու հիմքեր չունի: Ղրիմի հարցում մենք միշտ իրենց դեմ ենք եղել, իրենք էլ մեզ դեմ են եղել Արցախի հարցով: Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, վերջինիս զենք են վաճառել, վարձկաններ է տվել, միջազգային հարթակներում քվեարկությունների ժամանակ աջակցել է նրան:
Այսինքը՝ մեր պետություններն իրար սիրելու առանձնապես հիմքեր չունեն և գերակայողն շահերի հակադրություններն են: Ես ուկրաինացի ընկերներ ունեմ, մենք քաղաքավարությունից ելնելով մեր հարաբերությունները պահում ենք, բայց գիտենք, որ մեր պետությունների շահերը միմյանց դեմ են:
Մյուս կողմից էլ Ուկրաինան ռուսական նավթի տրանզիտից փող է վերցնում, իսկ մյուսներին ասում է, որ պահպանեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ուղղակի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ այս խաղի մեջ ոտքի տակ չգնա:
Panorama.am-Բարոյական ասելով՝ նկատի ունեմ, որ պետք է հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ պատերազմների ժամանակ Ուկրաինան միշտ օգնել է Ադրբեջանին և նույնիսկ լուրեր շրջանառվեցին, որ Արցախի ժողովրդի դեմ օգտագործված կասետային և ֆոսֆորային զենքերն Ուկրաինան էր տվել Ադրբեջանին:
Մ. Հակոբյան-Նման տեսակետ կա: Ռուսամետներն ասում են, որ ուկրաինացիներն են տվել, արևմտամետներն ասում են՝ ռուսներն են տվել: Ես ստույգ տեղեկություն չունեմ: Ես մի բան գիտեմ, որ Ուկրաինայի խորհրդային հանրապետությունը ԽՍՀՄ-ում ՌԴ-ից հետո ամենառազմականացված տարածքն էր: Նույնիսկ միջին մակարդակով Ուկրաինան ավելի ռազմականակցված էր, քան Ռուսաստանի որոշ տարածքներ: Հսկայական քանակի զենք է մնացել Ուկրաինայի պահեստներում, որոնք իրենք ուղղակի վաճառում են: Հիմա իրենք, թե ռուսներն են այդ զենքը վաճառել, ես չգիտեմ, ոչ մեկը չգիտի: Գուցե փաստաթղթերը բացվի, տեսնենք:
Բարոյականության խնդիր չէ, Հայաստանն և Ուկրաինան տարբեր հետաքրքրությունների վեկտոր ունեն: Ուկրաինայում կերջանկանային, եթե Ադրբեջանն ու Թուրքիան մեր տարածաշրջանում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը բացի: Պետք է հիշել, թե այդ մասին քանի հայտարարություն եղավ ուկրաինացի քաղաքական գործիչների կողմից: Իրենց շահերը մերին հակառակ է այդտեղ բարոյականության հարց չկա: Դաժան է հնչում, բայց այդպես է»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան իրավական և բարոյական առումով ակնկալիքներ չի կարող ունենալ Հայաստանից.Հայկ Նահապետյան
- Տիգրան Աբրահամյան. «Ուկրաինան պետք է որ Հայաստանից դժգոհելու որևէ շարժառիթ չունենա»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան