10 %-ից բարձր շահութաբերությամբ հանքարդյունաբերական ընկերությունների համար ռոյալթիները բարձրացան
«Նախագծի փաթեթը մետաղական հանքավայրերի համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդար և արդյունավետ դարձնելու նպատակ ունի»,- Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը զեկուցելով՝ կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա պարզաբանեց, որ ռոյալթիները հարկի բնույթի այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են բացի այն հարկերից և վճարներից, որոնք վճարվում են այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:
Նախարարի տեղեկացմամբ՝ մետաղական հանքեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին անցյալ տարվա աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով, որը պայմանավորված է եղել նրանով, որ մետաղների միջազգային գները 2021 թվականի էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ վճարների միջոցով ավելացնել նաև պետությանը մասհանվող մասը:
Հայտնելով, որ ներկայում գործող պետական տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների փոփոխություններից՝ նախարարն ասաց. «Դրանց հնարավոր նվազեցման դեպքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարունակության ռիսկեր առաջանալ այդ կազմակերպությունների համար, իսկ հետագա գների ավելացման դեպքում ավելի բարձր շահույթներից, տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա»:
Նա ասաց, որ պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունը:
«Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը և ռոյալթիի համակարգը վերանայել, պետական տուրքերի փոխարեն կիրառել ռոյալթիների նոր՝ հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը: Արդյունքում մինչև 10 % շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի ավելացում չի լինի այն ռոյալթիների նկատմամբ, որոնք գործում էին մինչև պետական տուրքերի կիրառությունը»,-հայտնեց Խաչատրյանը
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է. Փաշինյանը՝ ԶՊՄ կոմբինատի 25 %-ի մասին
- Դժվա՞ր է այդ թիվը պարզել, 10 րոպե է պարզում եք, թե ինչքան է գումարը,4 տարբեր թվեր եք ասում. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր իրականացրեց պետական մակարդակով կիրառվող նոր ռիսկային մեխանիզմով մեկ անձից հերթական գնումը
- Կառավարությունն այսօր գերակա շահ կճանաչի և կօտարի Ագարակ, Աղձք համայնքների բնակիչների 2000 հողամաս