Մյուռոնօրհնությունը կկայանա 2023-ին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը
Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ժողովի ընթացքում քննության է առնվել Մայր Տաճարի հիմնանորոգության և Մյուռոնօրհնության կազմակերպական աշխատանքների ընթացքը: Այս ուղղությամբ կատարվածի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ փոխանցել է Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ընդունելով զեկույցն ի գիտություն՝ ԳՀԽ անդամները մասնավոր իրենց գոհունակությունը հայտնել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին՝ գնահատանք փոխանցելով սրբազան այս առաքելության արդյունավորման գործում իրենց նպաստը բերող բոլոր կառույցներին և անհատներին։ Քննարկելով առաջիկա Մյուռոնօրհնության արարողությանն առնչված հարցերը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է Մյուռոնօրհնությունը կազմակերպել 2023 թվականին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը։
Ժողովին Արցախում տիրող իրավիճակի մասին զեկույց է ներկայացրել Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մասնավորապես անդրադառնալով առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ի նպաստ հոգևոր, բարոյահոգեբանական, հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությանը։ Վրթանես եպիսկոպոսը տեղեկություններ է փոխանցել թեմում սպասավորող քահանաների հովվական ծառայության ու առաքելության վերաբերյալ՝ իրազեկելով երիտասարդության հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ։
Զեկույցում Արցախի թեմի առաջնորդն անդրադարձ է կատարել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պղծման, յուրացման և ոչնչացման դեպքերին՝ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականության կանխման գործում կարևորելով միջազգային հանրության դերակատարությունը։
Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով է ընդունել Արցախի թեմի հոգևոր սպասավորների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խնամատար նվիրյալ գործունեությունը։
Ժողովականները հորդորել են Հայաստանի և սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև հայաստանյան թեմերի կողմից պարբերաբար ուխտագնացություններ կազմակերպել դեպի Արցախ։ ԳՀԽ նաև կարևոր է նկատել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով խնդրի հետևողական արծարծման անհրաժեշտությունը միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական հարթակներում:
Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության առավել զորացման վերաբերյալ զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Վերջինս խոսել է հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, առկա խնդիրների և առարկայի ուսուցիչների ժրաջան ու նախանձախնդիր աշխատանքի մասին։
Հայր Սուրբը ժողովականներին տեղեկացրել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների հետ կանոնավոր կազմակերպվող հանդիպումների, ինչպես նաև թեմերի քրիստոնեական դաստիարակության պատասխանատուների հետ առկա գործակցության և նախանշվող համատեղ ծրագրերի մասին։
ԳՀԽ անդամները, կարևորելով հոգևոր դաստիարակության ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, թելադրել են շարունակել այս ուղղությամբ աշխատանքները։ Խորհուրդը մասնավորապես ողջունել է թեմերում քրիստոնեական դաստիարակության կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների առավել համակարգված գործունեության կրթական ծրագրի նախապատրաստման նախաձեռնությունը՝ հորդորելով համապատասխան մասնագետների ներգրավմամբ ամբողջացնել ծրագիրը և հրատարակության պատրաստել անհրաժեշտ կրթական ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ տիրող մտահոգիչ իրավիճակի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել առանձին հայտարարությամբ։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց