ԵՄ ներկայացուցիչ. Պետք է շրջել թշնամության էջը
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավ հայտնելով վերջին 30 տարիների ընթացքում զոհված Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների համար։
«Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագայում մարդկային կյանքերի անհարկի կորուստներն ու վնասները»,-ասված է հայտարարության մեջ։
Եվրամիության ներկայացուցիչը նշել է, որ ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող բազմաթիվ քայլերը՝ ուղղված հակասությունների հաղթահարմանն ու տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը։
«ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել կոնկրետ դեպի առաջ տանող քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ապրողների։
Այս փխրուն միջավայրում, երբ դեռ թարմ են վերջին 30 տարիների վերքերը, ԵՄ-ն կրկնում է կողմերին ուղղված իր կոչը՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և զերծ մնալ միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից»,-նշել է նա։
ԵՄ ներկայացուցիչը նշում է, որ միությունը կշարունակի իր ներգրավվածությունը խնդրի համպարփակ ու արդար կարգավորման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց