Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմից հայտնում են՝ խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը, բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է։ Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»,-ասել է նա։
Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները, որոնք վերաբերել են, մասնավորապես, ճանապարհաշինությանը, գյուղտեխնիկայով ապահովվածությանը, բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները:
«Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ