Ովքե՞ր են Սիրիայում ծայրահեղ իսլամականների առաջնորդները. Աբու Ումար աշ-Շիշանի
Շուրջ 3 տարի ընթացող սիրիական հակամարտությունը հնարավորություն ստեղծեց իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսությամբ առաջնորդվող նոր լիդերների ի հայտ գալու և առաջնորդի իրենց ունակություններն ի ցույց դնելու համար:
Դրանցից մեկը 2012թ-ի մարտին Սիրիայում հայտնված Աբու Ումար աշ-Շիշանին է (Թարխան Բաթիրաշվիլի` ծն. 1986թ. ծագումով Վրաստանի Պանկիսի կիրճի Բիրկիանի գյուղից), ով իր կողմից ղեկավարվող «Ջայշ ալ-Մուհաջիրին ուա ալ-Անսար» խմբավորման հետ միասին դեռևս 2013թ-ին կեսերին հավատարմության երդում տալով «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղական կառույցի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին, մինչև այժմ այդ կառույցի կազմում ակտիվորեն մասնակցում է դարբեր ճակատամարտերի` դառնալով ներկայիս ջիհադական պայքարի առանցքային դերակատարներից մեկը Սիրիայում:
Աշ-Շիշանիին բազմիցս կարող ենք հանդիպել Սիրիայի տարբեր հատվածներում, ըստ որում, չնայած երիտասարդ տարիքին նրա հայտնվելը զանազան ռազմաճակատներում մեծ ցնծություն ու խանդավառություն է առաջացնում իսլամականների շրջանում` իրենց ռազմական հաջողության գրավականը տեսնելով Աբու Ումար աշ-Շիշանի անձնավորության մեջ: Թերևս սա բացատրվում է նրանով, որ մինչև սիրիական հակամարտությունն Աբու Ումար աշ-Շիշանին ունեցել է ռազմական գործողությունների փորձ` ծառայելով կանոնավոր բանակում` 2006-2007թթ հատուկ հետախուզական խմբավորման կազմում ծառայել է վրացական բանակում, իսկ հաշվի առնելով ՆԱՏՕ-Վրաստան այդ ժամանակվա ռազմական համագործակցությունը, ապա, հավանաբար անցել է լուրջ ռազմական պատրաստություն արևմտյան փորձագետների կողմից: 2008թ-ին մասնակցել է ռուս-վրացական պատերազմին, որի ընթացքում աշ-Շիշանիի խումբը հետախուզական գործունեություն է իրականացրել՝ ռուսական տեխնիկայի տեղաշարժերի և տեղակայման տվյալներ հաղորդելով վրացական հրետանային գնդերին:
Անշուշտ` աշ-Շիշանիի ռազմական փորձն իր դերը խաղում է Սիրիայում տեղի ունեցող պատերազմում` նրա համար ռազմական գործչի համբավ ապահովելով հիմնականում մարտական գործողությունների փորձառություն չունեցող իսլամականների շրջանում, սակայն, ԻՇԻՊ-ի ղեկավար շրջանակում Աբու Ումար աշ-Շիշանիի առանցքային դերակատարումն ու վերջինիս նշանակումը իսլամականների համար կարևոր Սիրիայի հյուսիսային ճակատի հրամանատար, ինքնանպատակ չի արվում: ԻՇԻՊ-ի հիերարխիայում արաբերենին լավ չտիրապետող ծագումով չեչեն երիտասարդ ջիհադականի առաջխաղացումն ԻՇԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի հեռու գնացող մտահղացումներից է: Ալ-Բաղդադին դրանով ընդգծում է էթնիկական տարբեր պատկանելություն ունեցող իսլամականների առաջնորդի իր դերը, բացի դա, Ռուսաստանի նման մեծ տերության դեմ դեռևս մանկուց պայքարող ծագումով կովկասցի ջիհադականի` աշ-Շիշանիի կերպարը կարևոր և խորհրդանշական իմաստ է պարունակում ներկայիս սիրիական հակամարտության մեջ ներգրավված ծայրահեղ իսլամականների համար:
Աշ-Շիշանին բազմիցս է ուղերձներով ու հայտարարություններով հանդես գալիս` կարևորելով քարոզչության ոլորտում ակտիվ գործունեությունը: Վերոշարադրյալի կոնտեքստում ուշագրավ են ջիհադականներին հասցեագրված իր վերջին ուղերձներում ԻՇԻՊ-ի առաջնորդին` Աբու Բաքր ալ-Բաղդադիին տրված հավատարմության երդման շեշտումը, ինչը պատճառ է դարձել կովկասցի իսլամականների միջև հակասությունների սրման: Աշ-Շիշանին իր ուղերձներում ընդգծում է այն, որ միայն ԻՇԻՊ-ն է պատրաստակամություն հայտնել աջակցել իր ղեկավարության տակ գործող չեչեն իսլամականներին՝ օժանդակելով վերջիններիս ջիհադական պայքարը Կվկասում, նրանց «ալ-Կաիդա»-ի հովանու տակ գործելու հնարավորություն տալով:
Չեչենական պատերազմներից սկսած, արդեն երկար ժամանակ է ինչ Կովկասում իսլամականները պայքարում են «գլոբալ ջիհադ»-ի լիիրավ մաս կազմելու համար, և Սիրիայում կովկասցիներին նման հնարավորություններով օժտելը նպաստում է Սիրիայում իրեն ակտիվ դրսևորած և սիրիական հակամարտության սահմաններից դուրս եկած իսլամական արմատական ներուժն ԻՇԻՊ-ի շահերին ծառայեցնելուն և նրա ղեկավար շրջանակի կողմից իսլամական ակտիվ պայքարն աշխարհի այլ հատվածներ ուղղորդելուն:
Այժմյան սիրիական իրողությունն այն է, որ բարիկադների տարբեր կողմերում հայտնվել են իսլամական ծայրահեղական կառույցները, որոնց միջև բաժանված կովկասցիները նույնպես պայքարում են միմյանց դեմ: Անշուշտ` վերոշարադրյալ իրողությունն իր ազդեցությունն է ունենում դեպի Սիրիա շտապող իսլամականների ներհոսքի վրա, ինչը վերջին շրջանում միտում ունի նվազման:
Այս տարանջատվածությունն իսկական փորձություն է նաև կովկասցիների ու իրենց առաջնորդների, այդ թվում Աբու Ումար աշ-Շիշանիի համար, և ժամանակը ցույց կտա` ինչքանով պատրաստ կգտնվեն իսլամականներն ու իրենց առաջնորդները հաղթահարել «գլոբալ ներքին ջիհադի» մարտահրավերը:
Հեղինակ` արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց