Չինաստանի աճող ազդեցության պայմաններում կրկին փորձ է արվում թեժացնել Տիբեթի հարցը
Տիբեթի վտարանդի կառավարությունն այսօր հայտարարել է տիբեթցիների ինքնավարության մակարդակի բարձրացմանն ուղղված միջազգային արշավի մեկնարկի մասին:
Վտարանդի կառավարության հայտարարության մեջ նշված է, որ իրենք ցանկանում են Տիբեթի համար իրական ինքնավարություն և չեն ձգտում ինքնավարության անջատմանը Չինաստանից:
Տիբեթի խնդիրը տասնամյակներ շարունակ անհանգստացնում է Պեկինի կենտրոնական իշխանություններին, իսկ տիբեթական հարցի միջազգայնացումը հարուցում է Չինաստանի դժգոհությունը: Պեկինը Տիբեթի հետ կապված բոլոր հարցերը համարում է երկրի ներքին գործ:
Տիբեթը միացվել է Չինաստանին 1949-1950թթ.-ին: 1959թ.-ին չինական զորքերը ճնշել են տիբեթցիների ժողովրդական շարժումը, ինչից հետո Դալայ Լաման տեղափոխվել է Հնդկաստան: 1949թ.-ից սկսած Դալայ Լաման Չինաստանի Տիբեթում իրականացված քաղաքականության դեմ բողոքներ է ուղղում ՄԱԿ-ին:
1959թ.-ից սկսած Հնդկաստանի տարածքում՝ Դհարամսալա քաղաքում է գտնվում Տիբեթի վտարանդի կառավարությունը, որը 2011թ.-ին կայացած ընտրությունների արդյունքներով գլխավորում է Հարվարդի համալսարանի աշխատակից, իրավաբան Լոբսանգ Սանգայը:
Մինչ այդ, Տիբեթի վտարանդի կառավարությունը գլխավորում էր հենց Դալայ Լաման: Այս պահին, Դալայ Լամա 14-րդը պահպանել է միայն Տիբեթի հոգևոր առաջնորդի տիտղոսը: 77-ամյա Դալայ Լամա 14-րդը 1989թ.-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին:
Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել էր Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի հետ, ինչը հարուցել էր Չինաստանի դժգոհությունը:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահի և Դալայ Լամայի հանդիպումը կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իրենց երկրի ներքին գործերին:
Պեկինը մինչ այդ կոչ էր արել Վաշինգտոնին չեղյալ հայտարարել Օբամա-Դալայ-Լամա հանդիպումը: Չինաստանի ԱԳՆ-ը դիմելէ ԱՄՆ-ին՝ կոչ անելով Դալայ Լամային ԱՄՆ-ում հարթակ չտրամադրել, քանի որ վերջինս այն օգտագործելու է հակաչինական քաղաքականություն իրականացնելու համար:
ԱՄՆ-ի իշխանությունները Չինաստանի այդպիսի կոշտ արձագանքից ելնելով նախագահի շուրթերով հնչեցրեցին Տիբեթի հարցում Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դալայ Լամայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ճանաչում է Տիբեթը որպես Չինաստանի անբաժանելի մաս և չի աջակցում Տիբեթի անկախությանը:
Չինաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ միլիարդավոր գումարներ են ուղղել Տիբեթի տնտեսության, ենթակառուցվածքների, կրթօջախների կառուցման համար:
1994-2001թթ.-ին Տիբեթում 62 նախագծերի կյանքի կոչման համար ներդրվել է 4.86 միլիարդ յուան: Տիբեթում ստեղծվել է արդյունաբերական համալիր՝ 20 ճյուղերով, կառուցվել է 41.300 կմ ավտոճանապարհներ, ավարտին է հասցվել Ցինհայ-Տիբեթ երկագծի շինարարությունը: Պեկինի կենտրոնական իշխանությունները ֆինանսավորում են նաև տիբեթական լեզվով ԶԼՄ-ների գործունեությունը:
Տիբեթի Ինքնավար շրջանում լույս է տեսնում 14 ամսագիր և 10 թերթ տիբեթերեն լեզվով, տարեկան տիբեթերեն լույս է տեսնում 100 անուն գիրք՝ 100.000 օրինակով:
Չինաստանի իշխանությունները Տիբեթում զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը: Նախորդ տարի Չինաստանի այդ շրջան էր այցելել 13 միլիոն զբոսաշրջիկ: Զբոսաշրջության զարգացման համար նախատեսվում է Տիբեթում կառուցել նոր հյուրանոցներ և այլ ենթակառուցվածքներ: Զբոսաշրջիկների հիմնական մասը Տիբեթ է այցելում ուխտագնացության և լեռնագնացության նպատակներով:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակում՝
Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին