ՀՀ նախագահ. ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում դժվարություններն ավելի շատ կլինեին
Ցանկացած այլ հանգամանքներում Հայաստանի տնտեսության դժվարություններն ավելի շատ կլինեին, քան այսօր են: Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Խոսելով ԵՏՄ-ին անդամակցության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա ճիշտ ընտրություն էր:
«Ես վստահ եմ, որ հեռանկարները լավն են, հակառակ դեպքում՝ մենք նման որոշում չէինք ընդունի: Մենք դառնում ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ ձեռքբերում է, առավել ևս, որ ԵՏՄ-ի գործառնությունը, որ հիմնված է համակողմանի, թափանցիկ, քաղաքակիրթ կանոնների վրա, մեր ժողովրդի բարեկեցությանը միայն կնպաստի: Իհարկե՝ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ, միմյանց հարգելու, ինքնիշխանությունը հարգելու շնորհիվ»,- ասել է նա ու հավելել,- «Ես համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել: Համոզված եմ, որ ցանկացած այլ հանգամանքներում դժվարություններն ավելի կլինեին, քան այսօր են, քանզի մեր տնտեսությունները փոխկապակցված են»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ առնվազն երեք գործոն կա, որոնք որևէ կերպ անտեսել չի կարելի, անկախ նրանից՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, թե ոչ. «Մեր գյուղատնտեսական արտադրանքի, մեր ապրանքների հիմնական մասն իրացվում է ԵՏՄ շուկայում, առաջին հերթին՝ ռուսաստանյան շուկայում: Եթե ռուբլու արժեզրկման պատճառով ՌԴ քաղաքացիների մոտ ծագել են խնդիրներ, ապա դա նշանակում է, որ խնդիրներ են ծագել մեր արտադրողների մոտ: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր, աշխատելով Ռուսաստանում, գումարներ են փոխանցում իրենց հարազատներին և բարեկամներին: Եվ եթե այդ գումարների ֆիզիկական ծավալը մնացել է նույնը, ավելին՝ աճել է 13 տոկոսով, սակայն դրանց դրամական արժեքը՝ արտարժութային արժեքը գրեթե երկու անգամ նվազել է: Եվ երրորդ՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողը, և եթե ռուսական ներդրողների մոտ խնդիրներ են ծագել, կնշանակի՝ խնդիրներ են ծագել նաև մեզ համար»:
Ամփոփելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած դժվարություններին` ԵՏՄ անդամակցությունն արդեն իսկ դրական արդյունքներ ունի. «ԵՏՄ-ին անդամակցությամբ մենք առնվազն վերացրել ենք այն արգելքները, որոնք կային նախկինում, և այժմ անհամեմատ հեշտացել է թե ապրանքների, թե կապիտալի և թե աշխատուժի տեղաշարժը»:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Ապրիլի 24-ը կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար
Սերժ Սարգսյան. Թուրքիայի իշխանություններն ընդլայնում են ժխտողականության գործիքակազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան