Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության արդիականացման աշխատանքները մեկնարկել են. Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:
Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ և այս նիստերի միջև ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել և ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում:
Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել և կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի և ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:
Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:
Նշելով, որ արդեն ուժի մեջ է մտել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռոսատոմի մասնագետներն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց