«Աշխատանքային ժամերին մանիկյուր, մակիաժ չանել». Նախարարի պահանջները
Բարեկիրթ և բարեհամբույր վերաբերմունք ծառայությունից օգտվող բոլոր քաղաքացիների նկատմամբ. այսպիսի պահանջ դրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարների առջև:
ՔԿԱԳ մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսեց ոլորտում առկա խնդիրներ մասին, մատնանշեց դրանց լուծումները, ապա ընդգծեց, որ կարճ ժամանակահատվածում պետք է հասարակությունը փոխի իր վերաբերմունքը ՔԿԱԳ մարմինների նկատմամբ:
Նախարարն ասաց, որ կառավարության, տարածքային կառավարման նախարարության հետ կքննարկեն այն հարցը, որ տրվեն համապատասխան հանձնարարականներ ու ՔԿԱԳ մարմինների վրա հսկողությունը լինի երկու մակարդակով՝ և համայնքային, և արդարադատության նախարարության: Ըստ նրա, պետք է համապատասխան թեժ գծի հնարավորություն տրվի քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան ամեն մի խնդիր, բողոք հայտնեն նախարարությանը:
«Ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնելու: Էականորեն բարելավեք ձեր աշխատանքը: Առաջին հերթին պահանջում եմ բարեկիրթ, բարեհամբույր վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Հասկանում եմ, որ բարդ է աշխատանքն այն տեղերում, որտեղ քաղաքացիների հետ ուղղակի շփում կա: Ամեն օր հարյուրավոր մարդիկ են մտնում, ամեն մեկն իր խնդիրն ունի, ամեն մեկը մի բնավորության ունի: Պետք է կարողանաք հարթել ամեն մի խնդիր, նորմալ սպասարկեք: Չպետք է հերթեր գոյանան, չպետք է ծանոթ-բարեկամին արտոնություն տրվի»,- դիմելով ՔԿԱԳ մարմինների ղեկավարներին՝ ասաց Հ. Մանուկյանը:
Նա հանձնարարական տվեց, որպեսզի սկսեն մշակել ՔԿԱԳ մարմինների աշխատողների էթիկայի կանոններ. «Պետք է աշխատանքային ժամերին զգաստ, զգոն նստել: Գիտեմ, որ այս ծառայությունում աշխատողների 95 տոկոսից ավելին կանայք են: Աշխատանքային ժամերին մանիկյուր, մակիաժ չանել: Հասկանում եմ, որ դժվար է, բայց կտրուկ վերացնել: Քաղաքացին մտնում է աշխատասենյակ, պետք է նորմալ աշխատանքային վիճակ լինի»:
Հ. Մանուկյանը որպես խնդիր նշեց նաև հեռախոսազանգերին չպատասխանելը: Նա ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանին հանձնարարեց օրվա ընթացքում պարբերաբար ստուգողական զանգեր անել: «Մի քանի անգամ զանգում եք, չեն պատասխանում, արդեն պրոբլեմ կա: Պետք է պարզել՝ հեռախոսը չի աշխատում, թե մարդիկ հոգնել են աշխատելուց: Իսկ ով հոգնել է, միանգամից հանգստի ուղարկել»,- ասաց նախարարը:
Նա նաև «այսպես կոչված մաղարիչները» կտրականապես վերացնելու պահանջ դրեց. «Որևէ ապօրինի պահանջ չի ներվելու»:
«Պետք է քաղաքացիներն իմանան, որ մահերի, ծնունդների գրանցման համար տուրք չկա: Պետք է ամեն ինչի մասին քաղաքացիներին տեղեկացնել: Ասում եք գրած է, ես գիտեմ: Սովորաբար այդ գրությունները կամ լավ գրված չեն լինում, կամ այնտեղ են կպցված լինում, որտեղից չի երևում: Այն, ինչի մասին ես խոսում եմ, դուք փայլուն գիտեք»,- իր խոսքում ասաց արդարադատության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը