18 հազար դրամ երեխայի խնամքի նպաստները մայրերը կստանան յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը
Այսուհետև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները (ամսական 18 հազար դրամ) բաժանվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ «Հայփոստ» ծառայությունից:
«Մշակված նոր կարգի համաձայն այսուհետև 18 հազար դրամները բաժանվելու են յուրաքաչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը», -փոխանցեց ծառայության աշխատակիցներից մեկը:
Նշենք, որ նախկինում 18 հազար դրամները մայրիկները ստանում էին յուրաքանչյուր ամսվա 18-20-ից սկսած: Այս օրերին, սակայն, գումարն ուշացնելը որոշ անհանգստություն և նաև հարցեր է առաջացրել ծնողների շրջանում` եթե եղել է փոփոխություն, ինչո՞ւ ծնողներն այդ մասին տեղյակ չեն:
Panorama.am-ը փորձեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի հետ կապերի պատասխանատուից ճշտել, թե ինչո՞ւ գումարները չեն բաժանվում, վերջինը հրաժարվեց պատասխանել և ասաց, որ մեր հարցերին կպատասխանի գրավոր: