Պետք է ինքներս փոխվենք, այլապես պառլամենտարիզմը չի աշխատի. Թևան Պողոսյան
Մինչև հիմա հարց է՝ ԱԺ ընտրությունները նպատա՞կ էին, թե միջոց: Ամենայն հավանականությամբ՝ միջոց, քանի որ նպատակները բոլորովին այլ դաշտում են գտնվում: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, դեպի նպատակ տանող աշխատանքը չի երևում, և սա մեծ բացթողում է:
«Այսօր ունե՞նք վեհ նպատակներ, ունե՞նք այդ նպատակներին առաջնորդող հզոր ուժ: Հուսանք՝ առաջիկա հինգ տարիներին աշխատանքները միտված կլինեն առկա բացերը լրացնելուն: Այլ հարց է՝ արդյոք առաջիկա հինգ տարիներին կարողանալու ենք կանգնել ճիշտ ճանապարհին: Կյանքը ցույց կտա»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նախկին պատգամավորը նաև նկատեց՝ իշխանությունները բոլոր կարևոր ծրագրերը պետք է քննարկեն հասարակության հետ, հասարակությունն իր հերթին այս հարցում պետք է պահանջատեր լինի:
«Եթե մենք ուզում ենք այսօրվա իրավիճակից դուրս գալ, պետք է ինքներս փոխվենք, այլապես պառլամենտարիզմը չի աշխատի»,- ասաց Թևան Պողոսյանը: