Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Հունիսի 12-18-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Արարատյան շաբաթն է: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ հետո` Եղիա մարգարեի հիշատակության կիրակիին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Արարատյան շաբաթը: Ամբողջ շաբաթվա տոները բովանդակող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում, որտեղից էլ առաջացել է շաբաթվա անվանումը: Շաբաթվա ընթացքում նշվելու են՝ հունիս 12՝ Տօն Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց, հունիս 13՝ Տօն Սրբոց Կուսանացն Գայիանեանց, հունիս 15՝ Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին և Աթանագինեայ Եպիսկոպոսին, հունիս 17՝ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն, հունիս 18՝ Տօն Կաթուղիկէ Սրբոյ ԷջմիածնիԱզնվազարմ:
Qahana.am-ը գրում է, որ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում:
Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան:
Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
Մայր Աթոռի տեղեկատավակն համակարգի հաղորդմամբ, Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը