Մտահոգ մարդու բարի խորհուրդը ներկայացվում է այլ լույսի տակ. Թևան Պողոսյան
Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները փորձում են շատ մտահոգ մարդու՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի բարի խորհուրդը ներկայացնել այլ լույսի տակ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի այն խոսքերին, թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Պյոտր Սվիտալսկին փորձում է միջամտել ՀՀ ներքին քաղաքականության հարցերին։
«Մենք՝ հայերս, լսելու մշակույթ չունենք։ Իսկ Սվիտալսկիի խոսքերի մեջ չեմ տեսել մի բան, ինչի մասին ժամանակին չեն բարձրաձայնել քաղհասարակությունը կամ բազմաթիվ քաղաքական ուժեր։ Մենք ինքներս գիտակցում ենք, որ Հայաստանին պետք են ԵՄ-ի հետ հարաբերություններ։ Դա մեր իսկ շահերից է բխում։ Իհարկե, Հայաստանի հետ հարաբերություններում իր շահերն ունի նաև ԵՄ-ն։ Եվ շատ զարմանալի է, որ փոխադարձ շահերի համընկնումից հետո կողմերի միջև նման իրավիճակ է ստեղծվում։ Այլ խնդիր է, երբ Հայաստանը պարզի, որ եվրոպացի գործիչ սեփական, ոչ թե ԵՄ դիրքորոշումն է հայտնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Թևան Պողոսյանի համոզմամբ, եթե ԵՄ դեսպանի խորհուրդներն ու նկատառումները կարող են նպաստել Հայաստանի առկա քաղաքական վիճակի բարելավմանը, հայկական կողմը պետք է հասկանա, քննարկի և ընդունի դրանք։ Իսկ եթե ՀՀ իշխանություններն ուզում են, որ ուրիշներն իրենց ասածները մինչև վերջ լսեն, պետք է սովորեն ինքները լսել, այդ թվում՝ սեփական հանրությանը։
Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի գնահատականով՝ Պյոտր Սվիտալսկիին հակադրվելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են պատրվակներ բռնել՝ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը չստորագրելու համար։
«Չեմ ուզում հավատալ այս վարկածի իրական լինելուն, բայց ցավոք այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արդարադատության նախարարի միջոցով փորձում են ՀՀ-ԵՄ հարաբերությունները չշարունակելու առիթ ստեղծել։ Ավելին, կարծես թե պատասխանատվությունը փորձում են թողնել ԵՄ-ի վրա՝ իբրև համաձայանգրի ստորագրումից Եվրամիությունը հետ քաշվեց»,- ասաց նա։
Սաֆարյանը շեշտեց՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ռազմավարական նշանակության հարաբերություններ են, որոնց վրա կարող է ազդել ցանկացած վայրիվերում։
Թևան Պողոսյանը չհամաձայնեց տեսակետի հետ, որ ԵՄ դեսպանի խոսքերի նկատմամբ հայկական կողմի արձագանքը նպատակ ունի տապալել ԵՄ-Հայաստան սպասվելիք նոր համաձայնագրի ստորագրումը։ Նման սցենարը նա խիստ ուռճացված համարեց։
«Ինձ չի թվում, որ հարցն այդ դաշտում է գտնվում։ Տանել և հարցը կապել պայմանագրի չստորագրման հետ՝ սխալ է։ Ցավոք, մեր երկրում ավելի շատ սովորություն կա անձնավորել խնդիրները, ոչ թե երևույթներին անդրադառնալ»,- ասաց Թևան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի. Պյոտր Սվիտալսկի
- Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
- Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ