Լրագրողներն ընտրական ժամանակահատվածում աշխատում են ծայրահեղ ծանր պայմաններում. ԽԱՊԿ նախագահ
«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության՝ 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և ճնշում գործադրելու՝ 9 դեպք: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանց նախորդող քարոզարշավի ընթացքում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության՝ 1 և խոչընդոտման՝ 2 դեպք: Ֆիզիկական բռնության՝ 2 դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման՝ 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին»,-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Աշոտ Մելիքյանի խոսքով, սա անպատժելիության հետևանք է. «Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ խոչընդոտումներն ավելանում են: Սա ցույց է տալիս, որ լրագրողներն այդ ժամանակահատվածում աշխատում են ծայրահեղ ծանր պայմաններում»։
Նաև նաև նշեց, որ այս տարվա երկրորդ եռամսյակը աչքի ընկավ լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատական գործերով: Դիտարկվող ժամանակահատվածում, մասնավորապես ԶԼՄ-ների կամ լրագրողների դեմ ներկայացվել է 33 նոր հայց՝ բոլորն էլ վիրավորանքի և զրպարտության հիմքով: Սա, Աշոտ Մելիքյանի խոսքով, աննախադեպ է:
«Կարծես դիրիժորական փայտիկի մի շարժումով 30 դպրոցների տնօրեններ դատարաններ հայցեր ներկայացրեցին, բայց սրանից մի քանի օր առաջ իրենց հայցերը հետ վերցրեցին»,- նկատեց ԽԱՊԿ նախագահը:
Բանախոսն ընդգծեց, որ լրագրողների ջանքերով այս ընտրություններին բացահայտվեցին նաև ընտրակաշառքների դեպքեր: Նրանք իրենց ներկայությամբ խոչընդոտեցին այդ գործընթացին՝ ցույց տալով, որ միակ առողջ օղակն են ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք վերցնողի միջև:
«Մյուս կողմից, շատ գործիչներ վիրավորական և արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել իրենց սուր հարցեր ուղղած լրագրողներին»,-ամփոփեց Աշոտ Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ունեցել են լրագրողներին պատժելու նպատակ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին