Հովիկ Աբրահամյանը եկել էր մեզ հետ զրուցելու. Ստեփան Մարգարյանը քառյակի հանդիպումից մանրամանսեր է փոխանցել
«Հովիկ Աբրահամյանը եկել էր մեզ հետ զրուցելու, ասելու իրենց մտադրությունների մասին, որ մենք սա ունենք և ասելու, ինչու են այդպես մտածում իրենք և ինչ են ուզում բերել Ազգային ժողով: Կառավարությունում հանդիպումից հետո ինչ-որ հարցեր էին մնացել և եկել էր դրանք ներկայացնելու», -այսօր Ազգային ժողովում քառյակի հանդիպումից հետո լրագորղների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Նշենք, որ այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած քառյակի նիստին անակնկալ ներկայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ միասին:
Նա, սակայն, չհստակեցրեց, թե կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ինչ մտադրություն ունի:
«Կբերեն, նոր կխոսենք, այս պահին ոչինչ չեմ կարող ասել», -ասաց Մարգարյանը:
Բացի «կուտակայինից», քառյակը քննարկել է նաև Երևանի փողոցներում ավտոկայանման համար կարմիր գծերի ու արագաչափերի հարցը: Բացի այդ, քննարկվել է նաև երրորդ հարցը. «Դա ապագա համատեղ միջոցառումների ծրագիրն է, որը իր մեջ ներառում է համատեղ օրենսդրական նախաձեռնություններ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Եվ չի բացառվում նաև հանդիպումներ հանրահավաքների տեսքով` Երևանում և մարզերում: Մենք պայմանավորվել ենք, որ մեր օրակարգում դրանք կան»: