Արամ Մանուկյանի վրա հարձակման գործով կասկածյալ ներգրավված անձին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված Աշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին: Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ա.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։ Ըստ եզրակացության՝ գլխուղեղի ցնցման ելքի ոչ պարզ լինելու հետ կապված առողջությանը պատճառած վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո` 31.12.2014 թվականին, որի համար անհրաժեշտ է ապահովել փորձաքննվողի ներկայությունը ԴԲԳԳԿ ամբուլատոր քարտով:
Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Ա.Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո։
Նախորդող հրապարակումներ՝
Արամ Մանուկյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ՀՀ Գլխավոր դատախազը՝ պատգամավորին ու ազատամարտիկներին ծեծելու մասին
Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին