Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել
Բողոքի ակցիայի երեք մասնակիցներ` Հակոբ Արշակյան, Էդուարդ Մինասյան և Դավիթ Աղաբեկյան, ովքեր բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, արդեն ազատության մեջ են:
Հակոբ Արշակյանը, ով առաջինն էր բերման ենթարկվել, լրագրողներին ասաց. «Ասեցին, որ բերման են ենթարկել ոստիկանի օրինական հրահանգը չկատարելու համար՝ փողոցն ազատել, սակայն ինձ նման հրահանգ չի եղել: Ինձ քաշքշել են, ֆիզիկական ուժ կիրառելով, խեղդելով բերման են ենթարկել»:
Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանությունում արձանագրություններ են կազմել, բայց ինքը ոչ մեկի տակ չի ստորագրել: Բերման ենթարկվածների նկատմամբ վարչական պատասխանատվության արձանագրություն է կազմվել:
«Չեմ պատրաստվում վճարել, որովհետև ոստիկանության կողմից որևէ պահանջ ինձ չի ներկայացվել»,- ասաց Հակոբը՝ հավելելով, որ լինելու է համապատասխան վերաբերմունք ոստիկանության կատարած ապօրինությունների նկատմամբ:
«Ոստիկանությունում ինձ չեն քաշքշել, բայց ցույցի ժամանակ բոլորին էլ քաշքշել են»,- ասաց Է. Մինասյանը:
Դ. Աղաբեկյանն էլ ասաց, որ իրեն բերման են ենթարկել, իբր չի ենթրակվել ոստիկանների հրահանգներին, բայց որևէ հրահանգ չի եղել:
«Ստորագրել եմ արձանագրությունը, բայց գրել եմ, որ համաձայն չեմ, որ վարչական իրավախախտում եմ արել»,- ասաց նա:
«Այն, ինչ այսօր եղավ, քաղաքացիական փոքրիկ անհնազանդությունն էր: Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է ֆինանսների նախարարի ուսերին: Եթե վեր կենար աթոռից ու ցած իջներ, այս ամենը չէր լինի: Այն ինչ եղավ, եղել է դիպուկ, օրինաչափ, ադեկվատ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջել էին, որպեսզի ֆինանսների նախարարն իջնի և հանդիպի իրենց հետ, այլապես կփակեն Նալբանդյան փողոցը: Նախարարի փոխարեն նախարարության այլ պաշտոնյաներ էին իջել: Ակցիայի մասնակիցները մոտ հինգ րոպե փակել էին փողոցը: Ոստիկաններն այն պատճառաբանությամբ, թե խախտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, բերման էին ենթարկել ակցիայի երեք մասնակիցների:
Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիա էր անցկացնում ֆինանսների նախարարության առջև հետևյալ պահանջով. «Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ: Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում»:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Օսիպյան. Համապատասխան գործողություններից հետո նրանք ազատ կարձակվեն
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ